Թուրքիան Նախիջևանը դիտարկում է ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական տարածք (տեսանյութ)

Թուրքիան գնում է իր մեծ երազանքի իրականացման ճանապահով, դա Օսմանյան կայսրության տարածքների վերականգնումն է և տարածաշրջանում թիվ մեկ պետություն դառնալը։

Հոկտեմբերի 9-ին թուրքական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Սիրիայի քրդաբնակ տարածքներում․ կեղծավոր Էրդողանն այս գործողությունն անվանեց  «Խաղաղության գարուն», իրականում այն  Սիրիայում բնակվող ժողովուրդների դեմ  իրականացվող ցեղասպանություն է։

Փորձագիտական շրջանակներում կա այն համոզմունքը, որ Սիրիայի դեմ Թուրքիայի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական գործողություններն ի սկզբանե համաձայնեցված են եղել Վաշինգտոնի և  Մոսկվայի հետ, ասել է, թե Թուրքիային հաջողվել է ստանալ երկու գերտերությունների  աջակցությունը։

«Մենք» հաղորդաշարի հյուրը Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն է։

«Այս հարձակումը Սիրիայի դեմ հնարավոր եղավ իրականացնել, քանի որ Թուրքիայի առաջ կանաչ լույս վառեցին ԱՄՆ-ը և ՌԴ-ը,  ես դա ցավով եմ արձանագրում, որովհետև այս գերտերությունները պետք է, որ ունենան պատասխանատվություն աշխարհում խաղաղությունը, անվտանգությունը պահպանելու հարցում,  սակայն, ցավոք նրանք կանաչ լույս վառեցին թուրքական ագրեսիայի առաջ»,- ասաց մեր հյուրը։

Ինչո՞ւ Թրամփը համաձայնեց նահանջել, ինչո՞ւ  Կրեմլը ևս  աջակցեց էրդողանին՝  թույլ տալով  գնալ ռազմական գործողությունների ճանապարհով, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի,  շատ կարևոր է մեզ համար իմանալ այս հարցերի պատասխանները՝ ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացնելիս։

Թուրքագետը նկատեց․ «Թուրքիան շարժվում է Աթաթուրքի անմիջական ղեկավարությամբ ընդունված  Ազգային ուխտի իրականացման ճանապարհով, որով  նախանշած է Թուրաքիայի տարածքը։ Հյուսիսային Սիրիան, Հալեպը, Հյուսիային Իրաքը, Կիպրոսը, Բաթումը, Թրակիան, այսինքն այն տարածքները, որոնք այժմ գտնվում են Բուլղարիայի և Հունաստանի կազմում,  ներառված են  «Ազգային ուխտի» սահմանների մեջ։ Ինչպես նաև Նախիջևանը գտնվում է այդ տարածքում։ Այսինքն, Թուրքիան Նախիջևանը դիտարկում է ոչ թե ադրբեջանական, այլ թուրքական տարածք»։

Տեղեկացնենք, որ Թուրքիան, իր հեռահար նպատակներով մեծ վտանգ է տարածաշրջանի համար, ու լուրջ վտանգ է սպառնում նաև ՀՀ-ին՝ Նախիջևանի ուղղությամբ, որտեղ ժամանակակից զենք է կուտակում:

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։