ԱՄՆ բանակի նախկին սպա. «ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելը ստեղծել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը»

Վերջին օրերին բավականին հակասական և սենսացիոն տեղեկություններ են ստացվում ԱՄՆ-ից: Արդեն հայտնել ենք, որ վերջերս Իրանի ԻՀՊԿ-ի հակահետախուզությունը խափանել է «Կոդս» հատուկ նշանակության զորքերի հրամանատար, լեգենդար գեներալ-մայոր Քասիմ Սոլեյմանիի դեմ մահափորձի նախապատրաստումը: Հենց Սոլեյմանին, կարելի է ասել, Իրաքում և Սիրիայում ահաբեկչական խմբավորումների նկատմամբ իրանական հաղթանակների «հեղինակն» է: Եվ հանկարծ ԱՄՆ-ից, այն էլ ԱՄՆ բանակի նախկին սպա Սքոթ Բեննեթի կողմից հայտարարություններ են հնչում, որոնցում ամբողջությամբ մերժվում են ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների կեղծ պնդումները Մերձավոր Արևելքում Իրանի վարած քաղաքականության էության և գեներալ-մայոր Սոլեյմանիի գործունեության բնույթի մասին:

«Իրանի հատուկ նշանակության «Կոդս» ստորաբաժանման ղեկավար Քասիմ Սոլեյմանիի ռազմավարությունը խաթարում է ԱՄՆ-ի և Իսրայելի պլանները», – «Tasnim News» ՏԳ-ին տված հարցազրույցում հայտարարել է Սքոթ Բենեթը, որն այժմ Սան Ֆրանցիսկոյի առաջատար վերլուծաբանն է: «Իր դիվանագիտական ​​և ռազմական ազդեցության շնորհիվ ԻՀՊԿ-ի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Սոլեյմանիին հաջողվեց խաթարել Միացյալ Նահանգների և Իսրայելի դավադրություններն ու քարոզչությունը»: Այնուհետև Բենեթը՝ թերևս այն սակավաթիվ ամերիկացի զինվորականներից մեկը, որը գիտի ճշմարտությունը Մերձավոր Արևելքում ահաբեկչության ծագման մասին, հայտարարեց. «ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Իսրայելը ստեղծել են ԻԼԻՊ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորումը, և դա մեծ աղետներ է բերել: Միևնույն ժամանակ, նման գործողությունները միավորել են համաշխարհային առաջնորդներին՝ այս չարիքին դիմակայելու համար: Հենց գեներալ Սոլեյմանիին հաջողվեց ոչնչացնել այն խենթ, դաժան, արմատական ​​իլիպականներին, ովքեր փորձում էին ստրկացնել ամբողջ աշխարհը»: Ինչպես նշել է Սքոթ Բեննեթը, «Ք. Սոլեյմանիի՝ ամերիկա-իսրայելական ռազմական դավադրությունները, միջազգային հարձակումներն ու քարոզչությունը ջախջախելու ռազմավարությունը մարտավարական հաղորդակցությունների և ռազմական ու դիվանագիտական ​​ազդեցության համադրությունն էր: Նրա հանգիստ և ճշգրիտ ելույթները մեծապես ազդել են Իրանին համակրող երկրների կարծիքի վրա: Նա ակտիվորեն հակադրվում է արևմտյան քարոզչությանը, որը բազմիցս փորձել է մեղադրել Իրանին իբր ահաբեկչությանը սատարելու մեջ»:

ԱՄՆ բանակի նախկին սպան նշում է, որ «իրանական գեներալը ամբողջ աշխարհին ցույց է տվել, որ Իրանը չի աջակցում արմատական ​​խմբավորումներին, այլ, ընդհակառակը, կանգնեցնում է դրանց: Նույնիսկ ԱՄՆ նախագահը նշեց, որ «իրանցիները ավելի շատ են ատում ԻՊ-ին, քան Ամերիկային»: Սիրիայում, Իրաքում և Լիբանանում ուժերի կամավոր կենտրոնացումը Սոլեյմանիի հրամանատարության ներքո՝ կարևոր դեր ունեցավ հեգեմոն տերությունների և նրանց աջակիցների պարտության մեջ: ««Կոդս»-ի հրամանատարը հասկացել է, որ ահաբեկչության դեմ պայքարի համար հարկավոր է պայքարել աղբյուրի, և ոչ թե արդյունքի դեմ»,- ընդգծում է Բեննեթը: – Սոլեյմանիի գործողություններն ու նրա կոչերը բացեցին Իրաքի, Հորդանանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Չինաստանի առաջնորդների աչքերը և ոգեշնչեցին նրանց պայքարել «սև ժանտախտի»`ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ: Նրա հայտարարություններից և կոչերից հետո շատ երկրներ միացան արմատական ​​տարրերի դեմ պայքարին: Այսպիսով, այդ ուժեղ կոչին արձագանքեցին այնպիսի հզոր պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը: Նրանք Իրանի հետ միասին սկսեցին ակտիվորեն պայքարել գրոհայինների դեմ: Ապագան պատկանում է Իրանին, և աշխարհի ժողովուրդները երախտապարտ կլինեն այս մեծ ժողովրդին՝ ԻԼԻՊ-ը ոչնչացնելու և ամբողջ աշխարհում ազատությունը պաշտպանելու և նրանց ցուցաբերած օգնության համար»:

Հետաքրքիր է, որ ԱՄՆ զինվորականները առաջին անգամ չէ, որ աշխարհին ճշմարտությունն են պատմում Ամերիկայի իրական դերի մասին այս կամ այն տարածաշրջանի գործերում: Դժբախտաբար, ԱՄՆ զինվորականները ճշմարտություն են ասում միայն ԱՄՆ-ի բանակից պաշտոնաթող լինելուց հետո: Իրանցի գեներալ Սոլեյմանին, իհարկե, իր երկրի հայրենասերն է: Իրանական ԶԼՄ-ները բազմիցս նշել են, որ նա իր կյանքով և «Կոդս» հատուկ ջոկատում ծառայությամբ տասնյակ միլիոնավոր իրանցիների ներշնչում է սիրել իր երկիրը, մշակույթը, ընտանիքը, հարազատներին ու մտերիմներին: Բայց թե ինչ է տեղի ունեցել պաշտոնաթող ամերիկացի սպա Բեննեթի հոգեկան վիճակի հետ, որի պատճառով նա ևս սկսեց հասկանալ և քարոզել գեներալ-մայոր Սոլեյմանիի անձի դերը, դժվար է ասել: Միգուցե «Կոդս» հատուկ նշանակության զորքերի հրամանատարի դեմ հերթական դավադրության տապալումը (պարզ է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի գաղտնի ծառայություններն էին դավադրության նախաձեռնողները…) խթանեց  թոշակառու ամերիկացի սպայի ուղեղի աշխատանքը, քանի որ մինչև 2019-ի հոկտեմբերը ԱՄՆ զինվորականները գերադասում էին ոչինչ չասել Սոլեյմանի մասին:

Սերգեյ Շաքարյանց