Բակո Սահակյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ վերստին շեշտելով բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման և հակամարտության կարգավորման բոլոր փուլերին Արցախի մասնակցության անհրաժեշտությունը: