Այսօր Հայկական մամուլի օրն է

ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում էր որպես «Մամուլի աշխատակցի օր», որը հետագայում վերանվանվեց և դարձավ Հայկական մամուլի օր: Այս օրը նշանավորվել է հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականի հրատարակությամբ:

Այն հրատարակվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 16-ին:

«Ազդարար» ամսագրի հիմնադիրն էր շիրազցի Հարություն քահանա Շմավոնյանը: Գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը: Այդ ընթացքում հրատարակվել է 18 համար (տետրակ): Հրատարակումը դադարել է նյութական դժվարությունների պատճառով։ Պարբերականը լույս էր տեսնում գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով։ Լուրերից բացի, տպագրվում էին գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, պատմական աշխատություններ:

Տպագրվում էին նաև լուրեր Ռուսաստանից, օրինակ՝ Եկատերինա Երկրորդի հրամանը հայերի համար Գրիգորիոպոլ քաղաքի հիմնադրման մասին: