Ադրբեջանա-թուրքական ու արևմտյան գրչակների կողմից Նժդեհն ընդամենը պատրվակ է օգտագործվում(տեսանյութ)

Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի անձի վարկաբեկումը, նրա  գործունեությունը գլխիվայր ներկայացնելը Ադրբեջանի կողմից իրականացվող հատուկ ծրագիր է, նպատակը՝ հայ-ռուսական հարբերություններում սեպ խրելն է․ այս համոզման է պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը:

«Մենք» հաղորդաշարի հյուրը Ավագ Հարությունյանն է:

«Հայաստանի հերոսին ֆաշիստ անվանելով, Ալիևը, փաստորեն, Հայաստանն է որակում ֆաշիստական պետությունը։ Զավեշտալի է այն, որ մեր երկրի, մեր հերոսի հասցեին նման ձևակերպում տալիս է մի պետության ղեկավար, որի իշխանությունը՝ դասական, քաղաքագիտական բոլոր ձևակերպումների համապատասխան, ֆաշիստական է։ Ու այդպիսին լինելը ոչ միայն խոսքով է դրսևորել, այլև գործողություններով»։

Պատմաբանը հիշեցնում է Սումգայիթի, Բաքվի հայության ծրագրված ջարդերը, Արցախի տարածքում իրականցված հայերի ջարդերը, նաև թալիշների, թաթերի, ռուսների, հրեաների նկատմամբ ադրբեջանական հրոսակների կողմից իրականցված կոտորածները․ «Եվ այսօր ֆաշիստական  պետության ղեկավարը խոսում է ֆաշիզմից և այդ հարցում մեղադրում այն պետությանն ու ժողովրդին, որի նկատմամբ իրենք իրականցրել են ֆաշիստական գործողություններ»։

Հակահայկական քարոզչության դեմն առնելու համար հարկավոր է ճիշտ աշխատել, մի կողմից՝ ներկայացնել մեր հերոսի անցյալը,  մյուս կողմից՝ հիշեցնել, թե ինչե՞ր են արել ադրբեջանցիները համաշխարհային պատերազմի տարիներին։

Պատմաբանը հիշեցնում է 2-րդ ադրբեջանական լեգիոնի մասին, որը  համաշխարհային պատերազմում  նացիստների կողմն անցավ։ Պատմական փաստ է, որ ադրբեջանական լեգիոնն ակտիվ մասնակցություն է ունեցել պատժիչ գործողություններին, ու մասնավորապես, Լեհաստանում կազմակերպել  տասնյակ հազարավոր մարդկանց սպանությունը: Հայտնի է, որ վարշավյան ապստամբության ժամանակ ադրբեջանական լեգիոնի մասնակցությունը, հրեաների ու լեհերի կոտորածներում, չափազանց մեծ էր:

Ադրբեջանցի ամենահայտնի նացիստներից մեկն էր Ֆաթալիբեյը, որի խղճին  են տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների սպանությունը։ Մինչդեռ այսօր այդ նացիստը համարվում է Ադրբեջանի ամենահայտնի հերոսներից մեկը: Նրա մասին շատ գրքեր են գրված՝ որպես Ադրբեջանի ազգային հերոսի: Հայկական կողմը նման փաստեր պետք է հանրայնացնի։

Հարցազրուցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։