Ալիևի ելույթը ուղղակիորեն վտանգում է Ռուսաստանի հայերի ֆիզիկական գոյությունը (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցած ԱՊՀ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում նշեց թե Հայաստանում «հերոսացնում են ֆաշիզմը», Հայաստանի նախկին իշխանությունները Երևանի կենտրոնում կանգնեցրել են «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի արձանը, և այն այսօր էլ իր տեղում է: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Լսելով նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, ճիշտն ասած, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհին» կինոնկարը. երբ այնտեղ խոսվում է հինավուրց ամրոցի ավերակների մասին, և հարց է հնչում՝ իսկ ի՞նչ է, եկեղեցին նույնպե՞ս ես եմ ավերել։ Իլհամ Ալիևի խոսքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ընդհանրապես այդ պատերազմում Հիտլերը երկրորդական դերակատարություն է ունեցել, և նացիստական շարժման լիդերը եղել է Գարեգին Նժդեհը։ Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարում էր Հայաստանի՝ թուրքական օկուպացման դեմ, պայքարում էր հայերի ցեղասպանության դեմ, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը, ի դեպ, ռուսական շատ սպաների հետ 1918 թվականին ղեկավարում էր ռազմաճակատի շատ կարևոր հատվածը հայ-թուրքական պատերազմի ժամանակ»:

Ալիևի ելույթի՝ Գարեգին Նժդեհի մասով, նրան տրված պատասխանի համարժեքության, հայաստանյան արձագանքների մասին զրուցեցինք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։  Ռազմական փորձագետը նշեց, որ այդ հարթակն Ալիևն օգտագործեց հակահայկական քարոզչություն իրականացնելու համար, իսկ Փաշինյանի պատասխանը, ըստ Հայկ Նահապետյանի, ավելի լավ է՝ չտրվեր։ «Փաշինյանն իր պատասխանով փորձեց դիլետանտի մակարդակով բացատրել, թե ինչ ասել է Նժդեհ»,-ասաց փորձագետը։ Անդրադառնալով ներհայաստանյան արձագանքներին՝ Նահապետյանը նկատեց․ «Արձագանքն այնպիսին էր, ինչպես Փաշինյանի պատասխանը, այսինքն՝ բավականին թույլ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝ Լուսինե Այրապետյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան