Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի 2019 թվականի ֆինանսական ծավալում փոփոխություն չի եղել․ ԱՆ

Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության կայուն նվազումը և տուբերկուլոզային ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների թերբեռնվածությունը՝ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների օպտիմալացում, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների կրճատում։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։

Միաժամանակ, հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը՝ տուբերկուլոզային ծառայությունն ուժեղացվում է առողջության պահպանման առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում, առավել հասանելի դարձնելով բնակչության համար և տուբերկուլոզի կասկածի դեպքում ախտորոշման հնարավորությունը և բուժման դեպքում ամենօրյա հսկողությունը։

2019 թվականին առողջապահության նախարարի հրամանով հաստատված տուբերկուլոզի բուժման նոր ուղեցույցը նկարագրում է միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հիվանդներին տուբերկուլոզի ծառայությունների մատուցման առավել մատչելի հնարավորություններ՝ տնային այցեր, վիդեոզանգ, ընտանիքի անդամի միջոցով հսկվող բուժում, որոնց ներդրումը նվազեցնում է տուբերկուլոզային ծառայություններ մատուցողների առկա ծավալների կարիքը։

Ելնելով վերը նշվածից` առողջապահության նախարարությունում քննարկվում է 2020 թվականի ծախսերում Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակահարմարությունը։

Սույն դիսպանսերի հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն է և դրա հետագա վերապրոֆիլավորման կամ այլ ծառայություններ մատուցելու կենսունակության ապահովման հարցերը դուրս են առողջապահության նախարարության լիազորությունից։

Նշենք, որ հակատուբերկուլոզային դիսպանսերի աշխատակիցներն այսօր գործադուլ են իրականացնում, պատճառաբանելով, որ Առողջապահության նախարարությունը նվազեցրել է դիսպանսերի ֆինանսավորումը և ցանկանում է այն ընդհանրապես փակել։