«Քրդերին թող օգնի Նապոլեոն Բոնապարտը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, գրում է dw.com-ը:

Այս կոչը հասել է Էրդողանին հեռախոսազրույցների միջոցով:

«Նախագահը շատ հստակ էր այս հարցում»,- ասել է Փենսը՝ մեկնաբանելով Թրամփի և Էրդողանի բանակցությունները:

Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ը «կանաչ լույս» չի տվել Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար:

ԱՄՆ նախագահը, իր հերթին, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ «հիմնականում» հանել է իր զորքը Սիրիայի հյուսիսից՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակից հետո: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի կարող օգնել քրդերին, որովհետև ԱՄՆ-ի զորքերը գտնվում են դեպքի վայրից 7000 մղոն հեռավորության վրա:

«Ցանկացած մեկը, ով ուզում է օգնել Սիրիային քրդերին պաշտպանելու գործում, կարող է զբաղվել դրանով: Ռուսաստանը, Չինաստանը, թեկուզ Նապոլոն Բոնապարտը»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում: Նա հույս է հայտնել, որ նշվածներից ցանկացածն ավելի լավ կանի այդ գործը, որովհետև ամերիկյան զորքերը գտնվում են 7000 մղոն հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: