Մարաղայի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը․ Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի․ԱԳՆ ամուլի խոսնակ

Ադրբեջանի նախագահի կողմից Մարաղայի սցենարի ներկայացումը, որպես ԼՂ հիմնախնդրի լուծման տեսլական, ի ցույց է դնում Ադրբեջանի մոտեցումը, որ նա ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ադրբեջանի նախագահը փախստականների հետ հանդիպմանն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի երբեմնի ծաղկուն, ամբողջությամբ հայկական, 5000 հազար բնակչություն ունեցող Մարաղա բնակավայրին, որի բնակչությունը 1992թ.  ոչնչացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, և բնակավայրը շարունակում է մնալ Ադրբեջանի օկուպացիայի տակ: Այժմ Ադրբեջանի նախագահն ի լուր աշխարհի նշում է, որ այդ բնակավայրը վերակառուցվել է և բնակեցվել է ադրբեջանցիներով: Հատկանշական է, որ այս հայտարարությունը տեղավորվում ԼՂ հիմնախնդրի կարգավորման ադրբեջանական մոտեցման համատեքստում և ներկայացվում է լուծման տեսլական»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահը օրերս փախստականների հետ հանդիպմանը հայտարարել էր. «Տարածքների ազատագրումից հետո, դրանք կվերակառուցվեն, կստեղծվեն նոր բնակավայրեր, ինչպես եղավ ԼՂԻՄ-ի Շիխար (Մարաղա) բնակավայրի հետ»,- ասել էր Ալիևը:

«Խնդրի կարգավորման Մարաղայի տարբերակի խրախուսումը բացահայտում է Ադրբեջանի ղեկավարության իրական մտադրությունը՝ ժողովուրդներին նախապատրաստել ոչ թե խաղաղության, այլ այդ ժողովուրդների նկատմամբ բռնության իրականացման: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը երբևէ թույլ չեն տա Արցախում նոր վայրագություններ, դրանց դիմակայումը համահայկական խնդիր է, որը Ստեփանակերտում օգոստոսի 5-ին լավագույնս ձևակերպել է ՀՀ իշխանությունների կողմից ստանձնած հանձնառությամբ»,- ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակը: