Դուք մեզ հե՞տ եք, թե ահաբեկիչների. Էրդողանը՝ ՆԱՏՕ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իրենց պատշաճ աջակցություն չի ցուցաբերում, և կոչ է արել դաշինքին ընտրություն կատարել Անկարայի և ահաբեկիչների միջև:

«Մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, որտեղ առկա է հինգերորդ հոդվածը (այն ենթադրում է դաշինքի բոլոր անդամների պատասխանը դրանցից մեկի վրա հարձակման դեպքում), իսկ մենք ահաբեկչական կազմակերպության սպառնալիքների ներքո ենք գտնվում: Եվ, համաձայն հինգերորդ հոդվածի, ՆԱՏՕ-ն պետք է մեր կողքին լինի: Դուք մեզ հե՞տ եք, թե ահաբեկիչների: Հստակ պատասխան չի տրվում», – ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում:

Պետության ղեկավարը նշել է նաև, որ տեղի ունեցողը կարող է կապ ունենալ այն հանգամանքի հետ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմի միակ մահմեդական երկիրն է:

Էրդողանը հավելել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որոնց հետ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել, գտնվում են «ապատեղեկատվության լուրջ ճնշման ներքո»: