ՍԴ-ն այսօր կորոշի՝ ԱԺ դիմումը վարույթ ընդունե՞լ, թե ոչ

Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են ՍԴ աշխատակազմից։

Նշենք, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցելու նիստին։

Գործող օրենսդրության համաձայն՝ դիմումը ՍԴ մուտքագրվելուց հետո 7-օրյա ժամկետում ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշում է կայացվում վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ 30-օրյա ժամկետում ՍԴ-ը պետք է որոշում ընդունի՝ կամ մերժել տվյալ դիմումը, կամ դադարեցնել կոնկրետ դատավորի լիազորությունները։

Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝  դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև դատաքննության ավարտը: Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը ,Իմ քայլըե խմբակցությունն է:  Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ. փետրվարին։