Գերմանիան ու Ֆրանսիան ևս կասեցնում են զենքի վաճառքը Թուրքիային

Թուրքիայի կողմից Սիրիայում քուրդ զինյալների դեմ սկսված «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի պատճառով Գերմանիան և Ֆրանսիան որոշում են կայացրել կասեցնել զենքի վաճառքը  Թուրքիային։

Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ Թուրքիան 2008-2017թթ. Ֆրանսիայից ներկրել է 23 մլն դոլարի չափ զենք։  Նույն ժամանակահատվածում Գերմանիայից Անկարան ներկրել է 15-30 մլն դոլարի զենք։

Ավելի վաղ Շվեդիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան և Նորվեգիան Թուրքիային զենքի վաճառքը կասեցնելու   որոշում էին կայացրել։

Հիշեցնենք, որ քրդերի դեմ «Խաղաղության ակունք» ռազմագործողությունը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։

Արդեն մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։ ԱՄՆ-ը սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։