Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, գրավոր խոսքով, լեզվով, «դիրիժորությամբ» և այլ գործողություններով Հայաստան աշխարհը կանգնած է ներքին բախումների շեմին

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի` LIVEnews.am-ին տված հարցազրույցն ակնհայտորեն տեղիք է տվել իշխանության գնալով նոսրացող փաշինյանական թևի ու վարչապետի ֆեյսբուքյան մանկլավիկների` նրան ստրկամտորեն ծառայող հաճկատարների, պնակալեզների հիստերիային: Արցախի հերոսի հասցեին հայհոյանքներն ու սպառնալիքները, նույնիսկ նրան հերոսի կոչումից զրկելու պահանջները հաջորդում են միմյանց, քաղաքական մթնոլորտը գնալով շիկանում է:

Վիտալի Բալասանյանի դեմ հանդես եկողները, գրեթե առանց բացառության, նրա խոսքը համատեքստից կտրված են ներկայացնում` թաքցնելով Բալասանյանի ասածի մի մասը, այսինքն` պայմանները, նախադրյալները, որոնց առկայության դեպքում նա, Արցախի, ինչու ոչ, նաև Հայաստանի Հանրապետության հայրենասիրական ուժերն իրականություն կդարձնեն հրապարակայնորեն ասված զգուշացումը: Վերջերս էլ մարդկությանն անհայտ ու նույնիսկ հայաստանցիներից քչերին հայտնի պատգանավորներից մեկը` իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, Վիտալի Բալասանյանին նկատի ունենալով և իրեն ծիծաղելի վիճակի մեջ դնելով, զգուշացրել էր` «Թող զգույշ լինի, որ հանկարծ գլխին ծանր բան չընկնի», կարծես թե այդ ծանր բաների համար իր գլուխը բացառություն է…

Անտեղյակներին տեղեկացնենք, ոմանց էլ «հիշեցնենք», թե ինչ է ասել Վիտալի Բալասանյանը.

«Երբ որ մենք 2016 թվականին, կարելի է ասել, ներեցինք այդ ահաբեկիչներին, չսպանեցինք, հիմա հայտարարում եմ բոլորին, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր փորձեն ոտնձգություն իրականացնել թե իմ, թե մեր ժողովրդի, թե պետության, թե պետականության, թե սահմանների, թե իշխանությունների (Ղարաբաղի իշխանություններին է վերաբերվում) նկատմամբ»:

Ընդգծում եմ` ես էլ եմ նույնը հայտարարում, և ո՞ր հայը չի ստորագրի Արցախի հերոսի այս խոսքերի տակ… Բալասանյանի դեմ վայրահաչող ամբոխը, ոռնացող ոհմակը, նրանց թվում ոչ միայն Նիկոլի զոմբիներ ու «Ֆեյսբուքում» առյուծ կտրած ֆեյքեր, այլև պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ` բանակից խուսափած, անտեսում է, որ քրեական իրավունքում առկա է անհրաժեշտ պաշտպանության իրավունքը, և որ անհրաժեշտ պաշտպանության պարագայում կատարված սպանությունը հանցագործություն չի համարվում: Ավելին. յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է իր ժողովրդի, պետության, պետականության, պետության սահմանների պաշտպանությունը, եթե դրանց նկատմամբ ոտնձգություն է կատարվում և առաջանում է նշված պաշտպանության անհրաժեշտությունը:

«Ի՞նչ է արել մեր երկրի համար պատահաբար Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին հայտնված անձը, որ իրեն իրավունք է վերապահում արձագանքել գեներալի խոսքին եւ դասեր տալ ու վիրավորել նրան՝ «խուլիգան»‰ անվանելով եւ «քաղաքական աղբանոց» ուղարկելով,- օրերս հրապարակված իր «ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿՆԵՐԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ» հոդվածում հռետորական հարցով հանդես է եկել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և գրել.- Ցավոք, մենք վերջին տարին բազմիցս լսել ենք անդաստիարակ ու «լափառոշ» խոսք, երբ մարդու ո՛չ վաստակն են հարգում, ո՛չ տարիքը։ Երբ իրենցից ոչինչ չներկայացնողներն ուսուցիչ են դարձել եւ խելք ու խրատ են սովորեցնում իրենցից բազմապատիկ գիտուններին ու խելոքներին։ Բայց ամեն ինչ չափ ու սահման ունի, եւ հանրությունը, սրանց ընկերներն ու ծնողները պետք է սաստեն սրանց։ Իրենց տեղն ու չափը սովորեցնեն։ Այն, ինչ չեն սովորել մանկության ու պատանեկության տարիներին, հիմա պետք է սովորեցնեն»։

Վիտալի Բալասանյանի դեմ հանդես եկողներից մեկն էլ «Իմ Քայլը»‰ կուսակցությունների դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված, ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 2016 թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է: Նա օրերս ասել է, թե «Վիտալի Բալասանյանն ապրիլյանի ժամանակ փիառի համար է գնացել առաջնագիծ»: Ինքը, ամենայն հավանականությամբ, հենց այդպես է վարվել, եթե, իհարկե, կյանքում ընդհանրապես ունեցել է համարձակություն` առաջնագիծ գնալու:

Արձագանքելով Վիտալի Բալասանյանի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի հիշյալ խոսքին, «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Alen Ghulyan-նն իր էջում գրել է.

«Տո դու ին՞չ գիտես պատերազմն ու առաջնագիծն ինչ են, որտեղից են սկսվում և որտեղ են վերջանում այս երկրի խրամատները.. Քան՞ի անգամ ես ռմբակոծության տակ մնացել, քան՞ի վիրավոր ընկեր ես մարտի դաշտից հանել.. Կյանքում մեկ սանտիմետր հող ազատագրած կ՞աս։ Հերիքա թիրախավորեք պատերազմ անցած մարդկանց։ էնքան եք խորացել էդ փիառի մեջ ու մնացել դրա տակ, որ ամեն ինչի մեջ միայն փիառ եք փնտրում ու տեսնում։ Սթափվեք»։

«Եվ այս բոլոր բացասական արտահայտությունները, նկարագրությունները այնպիսի մարդկանց կողմից են, ովքեր ոչ մի կաթիլ արյուն կամ քրտինք չեն թափել և մինչև այսօր չեն հասկացել և կամ գիտակցաբար քաղաքական կեղտոտ շահարկումներ են անում, ինչպես կավատ և պոռնիկ,- անդրադառնալով հերոսի հասցեին Քոչարյանի նույն խոսքին, իր էջում գրել է «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկ ուրիշը` Արցախյան պատերազմի մասնակից, «Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ Շահե Աճեմեանը:

2016 թ. ապրիլյանի արդյունքը բոլորովին այլ կլիներ, Արցախի և, ընդհանրապես, հայերիս համար ողբերգական ու, հնարավոր է, նույնիսկ աղետալի կլիներ (ընդհուպ թշնամու կողմից Ստեփանակերտի գրավումը կամ Արցախի կորուստը), եթե Վիտալի Բալասանյանը ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում չհայտնվեր, իր հատու հրամանով ու Պաշտպանության բանակի նախահարձակ գործողություններով չկանխեր Ակնայի ուղղությամբ հակառակորդի զորքի պլանավորած ճեղքումը և բլից կրիգով առաջխաղացումը Ստեփանակերտի ուղղությամբ: Սա, որ շատ-շատ հայերի է հայտնի, նույնիսկ պատմության դասագրքերի մեջ պետք է մտնի, այսօր մենք ազգովի պետք է շնորհակալ և երախտապարտ լինենք Վիտալի Բալասանյանին: Իրականությունը, կարծում եմ, նույնիսկ Անդրանիկ Քոչարյանին է հայտնի, բայց այդ մարդուց կարելի՞ է երախտագիտություն ակնկալել…

Անդրանիկ Քոչարյանին ԱԺ-ի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի և հիշյալ քննիչ հանձնաժողովի նախագահ ընտրելը, նրան նշված պաշտոնները վստահելն արդեն իսկ նոնսենս է, անհեթեթություն, եթե չասենք ազգային անվտանգությանը, ապա տրամաբանությանն ու բարոյականությանը դեմ մի բան, ինչպես և… վարչապետի պաշտոնում Փաշինյանի հայտնվելը: Քոչարյանին վերոնշյալ պաշտոններին բերողները հավանաբար կարծում են, թե բոլոր մարդիկ, հատկապես բոլոր գյումրեցիները մոռացել են, թե Գյումրիում ինչ վիճակ էր, երբ նա, ինչպես ԱԺ-ի պաշտոնական կայքում է ներկայացված, 1994-1996թթ. Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչն էր (այլ տեղեկությունների համաձայն` Շիրակի մարզում 1993-1995թթ․ նախագահի լիազոր ներկայացուցիչը): Ինքը` Անդրանիկ Քոչարյան էլ գուցե նույնն է մտածում: Այն ժամանակվա Գյումրին մոռացածներ, իհարկե, կան, բայց բոլորը չէ, որ մոռացել են… Համենայն դեպս, մոռացածների հիշողությունը թարմացնելու նպատակով նրանց խորհուրդ եմ տալիս կարդալ «ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ» և «Հետաքրքիր դրվագներ Անդրանիկ Քոչարյանի անցյալից՝ Գյումրու ավերիչ երկրաշարժից հետո» հոդվածները: Քոչարյանի ու թալանի հետ կապվածը, սակայն, միայն Գյումրիով չի սահմանափակվում…

«Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը տեղեկացել է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի եւ ցանկություն ունի դատարանում վկայություն տալու,- դեռ այս տարվա մարտի 25-ին «ԴՈՒ ԹԱԼԱՆՉԻ ԵՍ․ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ՝ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ» վերտառությամբ հոդվածի ներքո գրել է hraparak.am-ը:- «Ես կարող եմ ասել, որ դու թերթին մեղադրել ես անազնվության մեջ, բայց դու թալանչի ես, դու թալանել ես»,-մեզ հետ զրույցում ասաց Հովսեփյանը։

Նա նաեւ մի դեպք պատմեց, որը տեղի է ունեցել 1991-1992 թվականներին․ «Ես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդհանուր հսկողության բաժնի դատախազ էի աշխատում։ Ուրեմն գնացել էինք գործուղում Մեղրի քաղաք, ահազանգ էինք ստացել, որ Մեղրիում վագոններրի թալան է եղել։ Գնացինք, ստուգման առաջին օրը, քանի որ ցուրտ էր, հյուրանոցում տեղ չկար, ոչ մի տեղ տեղ չկար, ստուգումից հետո գնացինք էնտեղի դատավորներից Անահիտի սկեսուրի տանը՝ Ագարակում գիշերելու, բնակարանը տաք էր։ Գիշերը մինչեւ 03։10 խոսում էինք, մեկ էլ զանգ եկավ, գործընկերս ասաց՝ պարոն Հովսեփյան Ձեզ են ուզում, ես զարմացա, թե էս ժամին ով կարող է լինել։ Բա ո՞ւմ հետ եմ խոսում, ներկայացա, ասեց՝ ո՞վ կա հետդ, ասի էս ինչ աշխատող, ասեց մինչեւ ժամը 10-ը Ագարակից ս***** քաշեք, թե չէ եկա Ձեր մերը …..։ Ես ասեցի՝ ես Ձեր նման լկտի չեմ կարող լինել, որովհետեւ իմ կողքը մարդ կա, բայց որ եկա Երեւան, կտենանք՝ ով, ում կհայոհի։

Ուրեմն էդ վագոնները ով թալանել ա, զանգել ա էս Անդրանիկ Քոչարյանին, որ եկել են ու դուրս են գալիս մեր վրա։ Առավոտ շուտ գլխավոր դատախազի տեղակալ Միշա Գրիգորյանը զանգեց՝ բա հետ եկեք, ստուգումները թողեք։ Հետ եկանք։ Դրանից հետո հոդված գրեցի, որ Անդրանիկ Քոչարյանը լկտի սպառնում է։ Էն վագոններն ի՞նչ եղավ, թող Անդրանիկ Քոչարյանը պատասխան տա։  Եթե Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ բան կասի, թող գա։ Ինքը խոսում է պետականությունից, բայց թալանել է»։

Ահա այդ կապակցությամբ ևս մեկ հոդվածից հատված` 2019թ. ապրիլի 16-ին հրապարակված irates.am-ում, «Փառքդ շա՜տ, Աստված, որ ո՛չ թալանչի եմ, ո՛չ էլ տհաս» վերտառության ներքո.

«Այդ նույն հարցազրույցի ժամանակ պարոն Քոչարյանը հայտարարեց նաև, որ ոմն հոգեկան հիվանդ Սոկրատ Հովսեփյան իրեն մեղադրում է 30 տարվա վաղեմություն ունեցող չկատարված հանցագործության մեջ, որ այդ մասին ինքը ժամանակին, այսինքն 1992 թվականին, խոսել է ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի հետ և, որ նման դեպք չի եղել: Մի երկու խոսք Գևորգյանի մասին: Դա այն մորթապաշտ, վախկոտ դատախազն էր, որի ներկայությամբ 1996 թվականին կեղծված ընտրություններից բողոքող մի քանի ընդդիմադիր պատգամավորների դատի տալու համար Գևորգյանը (ասեմ, որ այդ գլխավոր դատախազի մասին հոդված եմ տպագրել «Ավանգարդում» 1992 թվականին և նրան համեմատել եմ Թալեյրանի հետ: Ես այդ ժամանակ աշխատում էի ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում որպես դատախազ) միջնորդություն էր ներկայացրել ԱԺ-ին համաձայնություն ստանալու նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար: Գլխավոր դատախազը կույր էր և խուլ այդ պահին, նա չէր տեսնում, թե իշխանամետ պատգամավորների ոհմակը ինչպես էր ծեծում և հայհոյում ընդդիմադիրներին:

Հիմա անդրադառնամ բուն նյութին: Հարցազրույցում մեր օրերի ԱԺ-ի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահն ասաց, որ այդ վագոնները եղել են ադրբեջանական: Լսելով նրա վերջին խոսքերը` հրճվեցի և ինքս ինձ ասացի՝ պարզվում է մեր հերոսը ոչ միայն թալանչի է, այլև տհաս: Եթե վերլուծենք նրա խոսքերը, վագոնները եղել են ադրբեջանական, այսինքն ընդունում է, որ եղել է թալան, և լավ են արել, որովհետև դրանք ադրբեջանական վագոններ էին: Հանուն ճշմարտության ասեմ, որ այո, թալանված վագոնների մեջ կային Հայաստանի սեփականություն հանդիսացող վագոններ, ինչպես նաև Նախիջևան ուղարկվող ադրբեջանական վագոններ: Եթե նույնիսկ ընդունենք, որ Հայաստանին հասցեագրված վագոններ չեն եղել, եղել են միայն ադրբեջանական, հիմա ասեմ՝ այ սալդաֆոն, Ադրբեջանի տարածքում կայանվել և թալանվել էին հարյուրավոր վագոններ, որոնք Հայաստանին էին հասցեագրված, հետևաբար Մեղրիում կայանված, բայց Նախիջանին հասցեագրված վագոնները արդեն Հայաստանի Հանրապետության սեփականությունն էին կազմում, որովհետև Ադրբեջանը յուրացրել էր Հայաստանին հասցեագրված հարյուրավոր վագոններ: Այնպես որ այդ վագոններն արդեն մեր երկրի սեփականությունն էին: Հիմա ինչպե՞ս չասեմ, որ դու տհաս ես: Չեմ ասում, պարոն Քոչարյան, որ դու հոգեկան հիվանդ ես, որովհետև ես իրավաբան եմ և լավ եմ հասկանում, որ մարդու հոգեկան վիճակի մասին կարող է տրվել եզրակացություն միայն դատարանի կայացրած որոշման հիման վրա, այսինքն միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա:

Այ, դրա համար ասում եմ, որ դու՝ ՀՀ ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, տհաս ես:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.-1. Այ տհաս, գոնե երեսուն տարի անց ազնվություն ունեցիր և ասա, մեզ՝ Մեղրի գործուղված երկու դատախազներիս, մայր հայհոյե՞լ ես, թե՞ ոչ: Ասեմ նախապես, որ տղայավարի քֆուր եմ դնում սուտ խոսացողին: Մտածում եմ՝ այդ տհասին քարշ տա՞մ դատարան, թե՞ միայն այն բանից հետո, երբ համարձակություն կունենա և տղամարդավարի կասի՝ այո՛, հայհոյել եմ: Հակառակ պարագայում չարժե տհասի հետ հանդիպել դատարանում»:

Սոկրատ Հովսեփյանի ասածներին չհավատալու հիմքեր չկան, հակառակը` հիմքեր կան հավատալու, բայց հիմա ոչ այդ մասին եմ ցանկանում ծավալվել, ոչ էլ Անդրանիկ Քոչարյանին հիշեցնել ժամանակին «Երկիր» օրաթերթում իր մասին գրած իմ հոդվածը: Շատ ավելի կարևոր է տագնապի զանգեր խփելը, քանի որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, գրավոր խոսքով, լեզվով, «դիրիժորությամբ» և այլ գործողություններով Հայաստան աշխարհն արդեն իսկ երկփեղկված է, երկպառակված, կանգնած ներքին բախումների շեմին` սահմանին դրան անհամբեր սպասող թշնամու դեմ հանդիման: Շատ լավ հասկանում եմ ու դեռ ժամանակին զգուշացրել եմ, որ արտաքին ուժերը Փաշինյանին իշխանության գալու հարցում էապես աջակցել են հենց այդ` միանգամայն հասկանալի նպատակով: Ընդ որում, Արևմուտքի այդ ուժերի սլաքներն ուղղված են ոչ միայն Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի, այլև Ռուսաստանի և Իրանի դեմ: Ափսոս, որ մեր ժողովրդի մի մասը դա ժամանակին չհասկացավ, ոմանք այսօր էլ դեռ չեն հասկացել, իսկ երբ կհասկանան, կարող է արդեն չափազանց ուշ լինել: Երանի Նիկոլ Փաշինյանն ինքն այս ամենը հասկանա ու վերջ տա ներկայիս երկպառակության մղձավանջին, կարծում եմ, դեռ ունենալով իր սխալներն ուղղելու հնարավորությունը: Աղոթենք դրա համար:

Արթուր Հովհաննիսյան