«Թուրքիան դեռ չի անցել անթույլատրելիի սահմանը, որպեսզի ԱՄՆ-ը նրա դեմ պատժամիջոցներ կիրառի». Պետքարտուղարության ներկայացուցիչ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, երբ թուրքական բանակն առանց ընտրելու թիրախները՝ հարվածներ հասցնի խաղաղ բնակչությանը և փորձի էթնիկ զտումներ իրականացնել Սիրիայի հյուսիսում, սակայն այդպիսի գործողություններ Թուրքիայի կողմից պաշտոնական Վաշինգտոնը դեռ չի նկատել: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը:

«Խոսքն էթնիկ զտումների, առանց թիրախ ընտրելու՝ խաղաղ բնակչությանը հրետանային և ավիահարվածներ հասցնելու մասին է: Մենք հետևում ենք գործողություններին, և այդպիսի լուրջ օրինակներ չենք նկատել: Սակայն այս մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև թուրքական ուժերը դեռևս նշանակալիորեն առաջ չեն գնացել սահմանից։ Եվ հենց այդ պատճառով մենք բազմաթիվ նախազգուշացումներ ենք անում, քանի որ անհանգստացած ենք առանց թիրախներ ընտրելու կրակոցներ արձակելու դեպքերից»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իրենք մտադիր են սահմանից 30 կմ խորանալ՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու և 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնելու համար:

Բացի դրանից, գործողության մեկնարկից առաջ Էրդողանը դիմել է ամերիկյան իշխանություններին՝ ռազմական աջակցության հարցով, սակայն մերժում է ստացել:

«ԱՄՆ-ը ռազմական աջակցություն չի ցուցաբերի: Թուրքերն օգնություն են խնդրել տարբեր ժամանակներում և տարբեր մակարդակներով, այդ թվում՝ կիրակի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Մենք նրանց հստակ պատասխանեցինք, որ դա չի լինի»,- նշել է պաշտոնյան, հավելելով, որ ԱՄՆ իշխանությունները թուրքական գործողությունների առնչությամբ կապ չեն հաստատել սիրիական կառավարության հետ:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է իր «Խաղաղության ակունք» անվանումով ռազմագործողությունը Սիրիայի հյուսիսում: Թուրքական բանակին աջակցում է «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը: