«Դա հայ և ԱՊՀ-ի ժողովուրդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է». Փաշինյանի պատասխանը Ալիևին (տեսանյութ)

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխան է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին՝ անվանելով այն «հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք»:

Մասնավորապես, Ալիևն իր ելույթում խոսել է ԱՊՀ տարածքում՝ մասնավորապես Հայաստանում «ֆաշիստների հերոսացման» մասին՝ նշելով, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք Երևանում կանգնեցվել է ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանը, որին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ալիևի ելույթում պատմական իրադարձությունների սուբյեկտիվ մեկնաբանման փորձ կար:

«Իլհամ Հեյդարովիչի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր է խաղացել, և նացիստական շարժման առաջնորդը Գարեգին Նժդեհն էր,- ասել է ՀՀ վարչապետն ի պատասխան Ալիևի:- Իսկ իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը պայքարել է Թուրքիայի կողմից Հայաստանի օկուպացման դեմ, պայքարել է Հայոց ցեղասպանության դեմ, և իրականությունն այն է, որ Գարեգին Նժդեհը բազմաթիվ ռուս սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ժամանակ ղեկավարել է ռազմաճակատի շատ կարևոր հատվածը: Եվ ես ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ շատ կարևոր է, որպեսզի մենք իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը»:

«Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Վլադիմիրի բանտում խորհրդային բազմաթիվ առաջնորդներ են մահացել: Սոլժենիցինը Գուլագում էր: Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր: Եթե այդպես է, ապա շատ նշանավոր գործիչներ դատապարտվել են և ավարտել իրենց կյանքը բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշել է, որ տեղին չի համարում այս ձևաչափը պատմությունը խեղաթյուրելու համար օգտագործելը և նման կարևոր նիստի մթնոլորտում լարվածություն մտցնելը:

«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի հանդեպ: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Իմ խոսքն ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին

Իմ խոսքն ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 10 октября 2019 г.