Հայերի անհապաղ տարհանման խնդիր դրված չէ․ Սիրիայում ՀՀ դեսպանություն

Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ մասնավորապես գրված է․

«Սիրիայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի կողմից իրականցվող ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ Դամասկոսում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատում են արտակարգ ռեժիմով:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապ են պահպանում Սիրիայի Կամիշլիի քաղաքի և հյուսիսային այլ շրջանների համայնքային կառույցների հետ: Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը:

Դամասկոսի և Հալեպի հայ առաջնորդարանների հետ համատեղ մշակվում են հնարավոր քայլեր Սիրիայի հյուսիսից տեղափոխվելու ցանկություն հայտնած մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու և ըստ անհրաժեշտության առաջին օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Անմիջականորեն ռազմական գործողությունների տարածքում գտնվող Թել Աբյադ քաղաքից տասնյակից ավելի հայ ընտանիքներ արդեն իսկ իքնուրույն լքել են իրենց բնակության վայրը և տեղափոխվել ավելի ապահով շրջաններ (Հալեպ և

Հասաքե):

Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ:

Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ»: