ԱՄՆ-ը ևս մեկ անգամ դավեր է նյութում Սիրիայի քրդերի դեմ

Բազմաչարչար Սիրիայում կրկին սկսվել է արյունաթափության փուլ: Եվ ողբերգության թատերաբեմը կրկին Հյուսիսային Սիրիան է՝ այդ թվում Սիրիայի հայ համայնքի խիտ բնակեցված շրջանները:

Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին, պաշտոնապես հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ դուրս գան «անհեթեթ անվերջ պատերազմներից»: Նա հիշեցրել է, որ ի սկզբանե ԱՄՆ զորքերը Սիրիայում պետք է մնային միայն 30 օր, սակայն, «այդ համաձայնությունը եղել է դեռևս շատ տարիներ առաջ»: Թրամփը պնդում է, որ հենց ԱՄՆ-ն է, որ իբր «ջախջախել է» «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման բոլոր զինյալներին և «հաշվարկել» ահաբեկիչներին Եվրոպայի տարածքում: Սակայն հիմա, գանգատվել է նա, եվրոպական պետությունները փորձում են ԱՄՆ-ին պարտադրել զինյալներին պահել պատերազմական գոտում և ահաբեկիչներին թողնել ամերիկյան բանտերում՝ իրենց երկրներում նրանց դատապարտելու փոխարեն: «Մենք մարտնչելու ենք միայն այնտեղ, որտեղ դա ձեռնտու է մեզ և միայն հանուն հաղթանակի»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը «Թվիթերի» իր միկրոբլոգում: Թրամփը պարզապես չկարողացավ չակնարկել․ «Հիմա թող Եվրոպան, Թուրքիան, Ռուսաստանը, Սիրիան, Իրաքը, Իրանը և քրդերը  «ինքնուրույն գլուխ հանեն ստեղծված իրավիճակից»: ԱՄՆ-ը, իր հերթին, գտնվելով Սիրիայից շատ մղոններ հեռու, պատրաստ է «կրկին ջախջախել ԻՊ գրոհայիններին, եթե նրանք էլի վտանգ են ներկայացնեն:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել. այս որոշումը Թրամփը հայտարարեց այն բանից հետո, երբ 2019-ի սեպտեմբերին Սիրիան, Ռուսաստանը և Իրանը հերթական անգամ պահանջեցին, որպեսզի բոլոր այն երկրների զորքերը, որոնք ներխուժել էին Սիրիա՝ առանց Դամասկոսի քաղաքական և ռազմական ղեկավարության հետ համաձայնեցնելու, դուրս գան սիրիական հողերից: Այնուհետև, Թրամփն այս հայտարարությունն արեց նաև սեպտեմբերին Անկարայում տեղի ունեցած նախագահների եռակողմ ձևաչափով գագաթնաժողովից հետո՝ Ռեջեփ Էրդողան-Վլադիմիր Պուտին-Հասան Ռոհանի, որի ժամանակ Ռուսաստանի և Իրանի նախագահները իրենց թուրք գործընկերոջից պահանջեցին ոչ միայն թուրքական զորքերը դուրս բերել Հյուսիսային Սիրիայից, այլև «խոսել» ամերիկացիների հետ, որպեսզի նրանք ևս հեռանան Սիրիայից: Հիշեցնեմ, որ Անկարայում «առևտուրը» գնում էր Հյուսիսային Սիրիայի և Իդլեբ նահանգի շուրջը, որտեղ ավազակներին «պաշտպանում է» հենց Թուրքիան:

Բայց ի՞նչ է թաքնված Թրամփի որոշման հետևում՝ հաշվի առնելով, որ այն հայտարարվում է Սիրիայում նոր «գործողություն» սկսելու Էրդողանի սպառնալիքից հետո: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը հանկարծ «կանգ առավ» և դանդաղեցրեց Թուրքիայի հետ Հյուսիսային Սիրիայում ինչ-որ «համատեղ անվտանգության գոտու» ստեղծումը: Պենտագոնը հայտարարեց, որ չի մասնակցի Սիրիայի հյուսիսում հնարավոր թուրքական գործողություններին և սկսեց զորքերը դուրս բերել այդ տարածքներից: Հոկտեմբեր 7-ին համացանցում հայտնվեցին վիդեո կադրեր, որտեղ նշվում էր, որ ամերիկացիները Սիրիայից մեկնում են Իրաք: ԶԼՄ-ները հաղորդում են, որ Թրամփի «Թվիթերի» գրառման մեջ քրդերը հենց այնպես չեն հիշատակվել: Միասին կարդանք. «Քրդերը տասնամյակներ շարունակ պայքարել են Թուրքիայի դեմ: Ես գրեթե երեք տարի հետ պահեցի այս քուրդ-թուրքական մարտը, բայց հիմա մեզ համար եկել է ժամանակը, որ մենք դուրս գանք այս անիմաստ անվերջ պատերազմներից, որոնցից շատերը ցեղային են, և մեր զինվորներին տուն վերադարձնել»:

Թվում է, թե սպասելիքները չափազանցված են: Իզուր չէր, որ հոկտեմբերի 6-ին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է Թուրքիային Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունների դեմ՝ հայտարարելով, որ Անկարայի անվտանգությունը չի կարող ապահովվել հարևան երկրում գործողությունների միջոցով: «Թուրքիայում անվտանգության պահպանման միակ ճանապարհը սահմանամերձ տարածքներում Սիրիայի կենտրոնական կառավարության ռազմական ներկայությունը սահմանելն է, և դա կարելի է անել Ադանայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն»,- հայտարարել է Զարիֆը Իրանի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ: ԱՄՆ զսպվածությունն Էրդողանի սպառնալիքների կապակցությամբ ոչ պակաս նշանակալի էր, չնայած այլ ուղղությամբ, իրանականից տարբերվող: «Սիրիայի տարածքում Անկարայի չհամաձայնեցված ռազմական գործողությունը կարող է լուրջ անհանգստություն առաջացնել և խարխլել հանրապետությունում (Սիրիայի) ամերիկա-թուրքական շահերը», — հոկտեմբերի 6-ին հայտարարել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Սիրիական քրդերի կողմից, առայժմ թուրքերի հետ պատերազմելու պատրաստակամություն են հայտնել միայն այսպես կոչված «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) քրդերը․ ամերիկամետ կազմակերպությունը, որը, եթե ԱՄՆ-ն իսկապես լքի Սիրիան, երկար գոյության հնարավորություն չունի: Այնուամենայնիվ, SDF մամուլի խոսնակ Մուստաֆա Բալին գրառում է կատարել Twitter-ում. «Մենք չենք հապաղի Թուրքիայի ցանկացած ապաշնորհ հարձակումը վերածել տոտալ պատերազմի ամբողջ սահմանի վրա, որպեսզի պաշտպանենք մեզ և մեր ժողովրդին»: Այսպիսով, ստացվում է, որ միայն արագ համաձայնությունը Դամասկոսի հետ, և սիրիական բանակի, ինչպես նաև շիական աշխարհազորայինների Քոբանի, Հասեկ, Էլ-Կամիշլի և Դեյր էզ-Զոր շրջանները մուտք գործելը կարող է լինել Հյուսիսային Սիրիայի բնակչության, այդ թվում նաև հայերի՝ փրկությունը արյունալի ողբերգությունից: Թուրքերը չեն համարձակվի նրանց հետ բախումների։ Սակայն ամսի 7 լույս 8-ի գիշերը թուրքերը արդեն ռմբակոծեցին մի քրիստոնյա բնակավայր Հյուսիսային Սիրիայում…

Իսկ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի զինված ուժերը սկսել են Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում իրենց ծրագրած «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան:

Քրդերը մոբիլիզացում են հայտարարել…

Սերգեյ Շաքարյանց