Հայաստանում առաջին անգամ ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում կիրականացվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Ըստ այդմ՝ Հայաստանում առաջին անգամ կստեղծվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալների ամբողջական բազա, որը կներառի ոչ միայն դեպքերի ճշգրիտ թիվը, այլև հստակ պատկեր կտա բռնության տեսակների և դրանց գրանցման տարածքային բաշխվածության վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է ԱՍՀՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ներկայում հանրապետությունում չի իրականացվում ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում: Երևույթի տարածվածության, ծավալների և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ստացվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող հետազոտությունների հիման վրա, ինչը բավարար չէ իրավիճակը գնահատելու, օրինաչափություններն արձանագրելու և կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու համար:

Այս որոշմամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման, բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների միջև տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները:

Միասնական վիճակագրական համակարգի ստեղծումից զատ, կձևավորվեն և կզարգանան ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման հստակ մեխանիզմներ: Իր հերթին վիճակագրությունը թույլ կտա պարբերաբար վերլուծել ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում վերանայել ոլորտի քաղաքականությունը:

Նշենք, որ «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2018 թվականի փետրվարի 27-ի N 181-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի և նպատակաուղղված է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրարկումն ապահովելուն: