Ռուսաստանը Սիրիայում անցկացրել է Ս-500 ԶՀՀ-ի գաղտնի փորձարկում

Հայ հասարակության ուշադրությունը հերթական անգամ ուզում եմ հրավիրել մի տարօրինակ օրինաչափության վրա. մինչ Երևանում ընթանում էր ԵԱՏՄ գագաթնաժողովը, աշխարհը զարմանքով տեղեկանում էր անսպասելի նորություններին: Մեկի մասին արդեն հաղորդել էինք․ Իսրայելի հետախուզության հետ համագործակցելու մեջ մեղադրվող Ռուսաստանի քաղաքացու կալանավորումը Թեհրանում: Այժմ անդրադառնամ մեկ այլ նորության, ինչը Արևմուտքի և Իսրայելի նյարդայնացման պատճառ դարձավ: Ընդ որում, այս տեղեկությունը տարածել էին Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները: Թուրքական գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցները հրապարակումներ են արել այս թեմայով: Բանն այն է, որ Ռուսաստանը հայտարարել է Սիրիայում Ս-500 «Պրոմեթեյ» ՀՕՊ համակարգի հաջողված փորձարկման մասին: Հոկտեմբերի 1-ից սկսած, մոլորակը խորապես մտածում է` ինչի՞ համար է արվում այս քայլը։

Ս-500 ԶՀՀ-ի փորձարկումը, բնականաբար, հույժ գաղտնի էր: Այդ իսկ պատճառով հարց է առաջանում․ինչո՞ւ Ռուսաստանը հոկտեմբերի 1-ից աշխարհին հայտարարեց, որ հե՛նց Սիրիայում են անցկացվել փորձարկումները: Թե ինչու է անհրաժեշտ սպառազինության նորագույն համակարգերի, մասնավորապես, ՀՕՊ համակարգերի փորձարկումը՝ հասկանալի է։ Նախքան բանակն սկսի ստանալ նոր սպառազինություն (2020 թվականից)՝ այն փորձարկում են։ Իսկ այ, ի՞նչ պատճառով են հույժ գաղտնի փորձարկումների մասին հրապարակվում (գոնե միայն այն բանի համար, որ դրանք տեղի են ունեցել Սիրիայում…)․ սա հարց է, և իսկապես լավ կլիներ պարզաբանել: Սիրիայում ՀՕՊ փորձարկման ընթացքում հայտնաբերվել են մի շարք խնդիրներ, սակայն հաջողվել է արագորեն լուծել խնդիրները: Այս պահի դրությամբ, փորձարկումներն ավարտված են և հաջողված են ճանաչվել, ընդգծեց ՌԴ ՌՕՈՒ-ի ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված համակարգի հարցերով հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Այթեչ Բիժևը: Նա բացատրել է, որ Սիրիան իդեալական ուսումնական հրաձգարան (պոլիգոն) է. այնտեղ միշտ տաք և փոշոտ է, իսկ հանրապետությունում զինված բախման պատճառով առկա է շուրջօրյա ռադիոտեղորոշման (ռադիոլակացիոն) աշխատանքի անհրաժեշտությունը: 2019-ի հուլիսին Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարեց, որ ռուսական բանակը կարող է ստանալ Ս-500 ՀՕՊ նորագույն համակարգերը՝ արդեն 2020 թվականին: Նա նաև նշել է, որ նախատեսվում է այդ հրթիռային համալիրները Ռուսաստանի զինված ուժերին մատակարարել «տարբեր կազմաձևերով՝ կախված լուծման ենթակա խնդիրներից»: «Ռոստեկ» ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովն ասում էր, որ Ռուսաստանում արդեն սկսվում է Ս-500-ի արտադրությունը: Ըստ նրա, փորձարկումից հետո այդ նորագույն համակարգերը կգնան ՌԴ բանակի զինանոց: Եվ ահա հայտարարվեց Սիրիայում հաջողված փորձարկումների մասին…

Ս-500 ԶՀՀ իրենից ներկայացնում է զենիթա-հրթիռային համակարգերի նոր սերունդ` «ցամաք-օդ» տիպի։ Դրանց մշակմամբ զբաղվում է Սանկտ Պետերբուրգի «Ալմազ-Անտեյ» կոնցեռնը: Ենթադրվում է, որ նորագույն համակարգը կկարողանա խոցել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, գերձայնային թևավոր հրթիռներ, ինչպես նաև բռնել բալիստիկ հրթիռներ և թիրախներ խոցել  տիեզերքում: Թեստային փորձարկումներում նոր ռուսական համակարգը կարողացել է խոցել թիրախը 481,2 կմ հեռավորության վրա, ինչը 80 կմ ավելի է, քան ցանկացած առկա հակաօդային պաշտպանության համակարգ: Այսպիսով, Սիրիայում հաջողված փորձարկումները երաշխիք են հանդիսանում այն բանի, որ առաջիկա տասնամյակներին աշխարհի ոչ մի երկիր չի կարողանա շրջանցել Ռուսաստանի, ինչպես նաև, իր որոշ դաշնակիցների ՀՕՊ\ՀՀՊ-ը: Մեկ կարևոր շեշտադրում՝ Մոսկվան չի պատրաստվում որևէ մեկին վաճառել Ս-500 համակարգերը։

Մոլորակը շոկ ապրեց այն փաստից, որ Ս-500 ԶՀՀ գաղտնի կերպով Սիրիա հասցնելով, Ռուսաստանն ապտակ հասցրեց ԱՄՆ-ի, Իսրայելի և Թուրքիայի հատուկ ծառայություններին և բանակային հետախուզություններին: Կարելի է միայն ենթադրել, թե ինչպես էին Ս-500 համակարգերն ու հրթիռներն առաքվել Սիրիա: Կարևոր է, որ ամերիկացիները, իսրայելցիները և թուրքերը բաց են թողել, չեն նկատել այն, ինչ պատրաստում էին ռուսները: Եվ արդեն ժպիտով ես հետևում իսրայելցիների և ամերիկացիների վերջին քարոզչությանը, թե իբր նրանք «կարող են անջատել» Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը, այսինքն՝ Ս-300 և Ս-400 ԶՀՀ-ը, որովհետև Սիրիայում պաշտոնապես եղել են ու կան միայն այս ՀՕՊ համակարգերը: Կամ այն ​​մասին, թե իսրայելական ավիացիան ինչպիսի՜ հերոսությամբ «ներխուժեց» իրանական օդային տարածքի խորքը՝ «սառեցնելով» իրանական Ս-300 ԶՀՀ-րը: Պարզվում է, որ Ռուսաստանին ու Իրանին ընդդիմացող երկրների բանակներն ու հատուկ ծառայությունները գլուխ չեն հանում, իրենց դիմաց Ս-300 է, թե Ս-500-ը: Իսկ եթե իմանային, որ ՌԴ զինվորականները բերել էին հենց Ս-500, ապա հաստատ կփորձեին, գոնե հանուն իրենց «անջատման» համակարգերի ստուգման, «սառեցնել» ռադարային համակարգերն ու Ս-500 կայանքների կառավարման կետերը: Սակայն ԱՄՆ-ը և Իսրայելը լռում են, իսկ Թուրքիայի ԶԼՄ-ներում խուճապ է տիրում: Բայց հոկտեմբերի 5-ին Ռուսաստանի ՊՆ-ն անսպասելիորեն հերքեց Ս-500-ների՝ Սիրիայում փորձարկման մասին լուրերը: Իսկ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ռազմական փորձագետ, գնդապետ Վիկտոր Բարանեցը անմիջապես պարզաբանեց՝ Սիրիայում Ս-500 հրթիռներով չեն կրակել, «փորձարկվել էին առանձին տարրեր»: Սակայն գնդապետ Բարանեցը ստույգ չնշեց, թե դա ինչ «առանձին տարրեր» են: Այդ իսկ պատճառով ես   վստահում եմ սեպտեմբերի 1-2-ին ստացված տեղեկություններին, մանավանդ որ դրանք տարածեց ռուսական պաշտոնաթերթը՝  «Ռոսիյսկայա գազետա»-ն։

Սերգեյ Շաքարյանց