Արցախի ՄԻՊ-ն ամփոփել է սրտասբուրգյան այցի արդյունքները

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց սրտասբուրգյան այցի արդյունքները։ Նա նշեց, որ այցի գլխավոր նպատակը չկարգավորված հակամարտությունների տարածքներում մարդու իրավունքների պաշպանության հարցերը ներկայացնելն է, և ինքը եղել է հիմնական զեկուցողներից մեկը:

ԵԽԽՎ 2240 բանաձևը, որն ընդունվեց անցած տարի, վերաբերում է գորշ գոտիներում մարդու իրավունքների մշտադիտարկմանը, պաշտպանությանը։

«Այնքան էլ հակված չեմ «գորշ գոտի» եզրույթին, ավելի շուտ կասեի դե ֆակտո պետություններ»,-ասաց պաշտպանը։

Բեգլարյանը նշեց իր ելույթի  շեշտադրումը, այն է․անկախ տարածքի, պետության կարգավիճակից՝  բնակիչները չպետք է զրկված լինեն մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր մեխանիզմներից։ Սա ընդունում են բոլորը, նաև ԵԽ-ն։

Արցախի պաշտպանն ընդգծեց, որ չնայած դրան, չճանաչված պետությունների բնակիչները մեկուսացված են միջազգային հանրությունից, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին մուտք ունենալուց, ինչպես նաև միջազգային ծրագրերում ընդգրկված լինելու հնարավորությունից։

«Սա ուղղակիորեն բացասաբար է ազդում է երեք՝ տեղական, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում մարդու իրավունքների պաշտպանության վրա, Արցախի Հանրապետությունն այս առումով էլ  բացառություն չէ։ Ես կոնկրետ օրինակներով ցույց տվեցի նման դեպքերը»,-ասաց նա։

Ավելի լավ վիճակ կարող էր լիներ Արցախում՝ միջազգային ծրագրերում ընդգրկվածության շնորհիվ: Նա կարևորեց ուղիղ կոնտակտը Արցախի իշխանությունների հետ:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ թեև երբեմն միջազգային կառույցների կողմից անտարբերություն նկատելի է, այդ թվում նաև պայմանավորված տարբեր աշխարհաքաղաքական շահերի բախումներով, սակայն ամեն դեպքում դրական միտումը նկատելի է: Նա կարևորեց, որ մշտադիտարկման այցեր են տեղի ունենալու: «Իրենք գիտակցում են, որ առանց չճանաչված իշխանությունների հետ ուղիղ կոնտակտի չեն կարող իրենց աշխատանքները, մշտադիտարկումները իրականացնել»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ 91 թվականից սկսած առ այսօր բոլորի աչքի առաջ է Արցախում առաջընթացը, և ներկայումս անհրաժեշտ է առաջ տանել ինստիտուցիոնալ զարգացման կայացման հաջորդ փուլը: «Ժամանակն է, որ Արցախում ավելի ամրանա քաղաքացիական հանրությունը, այս առումով բավական բացեր կան, գլխավոր պատճառներից մեկը միջազգային մեկուսացումն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե Արցախը Հայաստանն է և վերջ, իսկ այնուհետև այն ասվածին, որ կարգավորումը պետք է բավարարի երեք կողմերին էլ, Արտակ Բեգլարյանը նկատեց. «Բոլորի համար էլ Արցախը Հայաստան է, բայց պետք է հասկանալ, թե Հայաստան ասելով ինչ նկատի ունենք, միակ տարբերությունն այնն է, որ Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն են տարբեր, բայց հայրենիքը, ազգը նույնն է, և բոլորս միասնական պետք է լինենք»:

Հիշեցնենք, որ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը՝ ելույթ ունենալով Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության գործում առկա խոչընդոտների մասին: