Խիստ զգուշացում` վերջ տվեք մանկավարժական համալսարանում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օգտին քարոզչությանը

Մեր ունեցած հավաստի տեղեկատվության համաձայն, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում որոշակի նպատակ ունեցող թերթիկներ և Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ տեղեկատվական գրքույկներ բաժանելու միջոցով քարոզչություն է իրականացվում հօգուտ այլասերվածների համար գործնականում լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի ու դրա վավերացման համար նպաստավոր հանրային կարծիքի ձևավորման:

Արտաքուստ անմեղ անվանում ունեցող («Եվրոպայի խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին») Ստամբուլյան կոնվենցիայի այլ վտանգների մասին դեռ չնշելով, ևս մեկ անգամ ընդգծեմ` կոնվենցիայի վավերացումից, ընդունումից հետո Հայաստանը պարտավորված լինելով ընդունել խտրականության դեմ պայքարի մասին օրենք և ընդունելով այն, հնարավորություն է տալու, որ ԼԳԲՏ-ները (լեսբուհիները, գեյերը, բիսեքսուալները, տրանսվեստիտները) կարողանան Հայաստանում երեխա որդեգրել, ինչը նշանակում է խեղել նրանց հոգեաշխարհը, հոգեպես և հոգևոր առումով, բացառված չէ նաև մարմնապես պղծել նրանց: Հնարավորություն է տալու նաև, որ, օրինակ, տրանսգենդերներն աշխատեն երեխաների դաստիարակչական հաստատություններում, զբաղվեն մատաղ սերնդի «դաստիարակությամբ»…

Ավելին. կոնվենցիայի վավերացումից և հիշյալ օրենքի ընդունումից հետո այլասերվածները մեր երկրում միանգամայն լեգալ կերպով և անկաշկանդ կարողանալու են կազմակերպել-անցկացնել իրենց գեյ-շքերթները, այդ թվում նաև` Հանրապետության հրապարակում, այսինքն` Հայաստանի մայրաքաղաքի սրտում, որտեղ անցյալ տարվա գարնանը հավաքվել էին «թավշյա հեղափոխականները»… Կարողանալու են անարգել, ազատորեն հանդես գալ այլասերման քարոզչությամբ (այն տգետները, ովքեր կարծում են, թե դա իրենց կամ իրենց երեխաների վրա չի ազդելու, թող ծանոթանան, թե ինչ բան են Օվերտոնի պատուհանն ու 25-րդ կադրը), այդ թվում նաև` հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլով, օրինակ, իրար փաթաթված երկու լեսբուհի կամ տղամարդ պատկերող մեծադիր փողոցային գովազդային վահանակներով (բաներներով) սոցիալական, իսկ, ըստ էության, հակասոցիալական գովազդ իրականացնելով և այլ կերպ:

Անշուշտ, դժվար է պատկերացնել, որ վերոնշյալ թերթիկները բաժանվել են առանց համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գիտության ու թույլտվության, իսկ եթե դա այդպես չէ, ապա սպասում ենք ռեկտորի կողմից շուտափույթ հերքման ու հոգուտ կոնվենցիայի և կոնվենցիայի վավերացման քարոզչության դադարեցման, ինչպես նաև համալսարանում նշված թերթիկները տարածելու արգելքին, եթե, իհարկե, այն շարունակվում է այլ ֆակուլտետներում ու կուրսերում:

Մեր ունեցած տեղեկատվությունը երեկ հաստատվեց «Ֆեյսբուքի» օգտատերերից Վահե Գրիգորյանի կողմից ուշ երեկոյան կատարված հետևյալ գրառմամբ.

«Հարգելի քաղաքացիներ, ինձ են դիմել մանկավարժական համալսարանի մի խումբ ուսանողներ և հայտնել, որ ռեկտորի թույլտվությամբ և դեկանի անմիջական վերահսկողությամբ Երևանի` Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում իրենց բաժանվել են ինչ-որ թեստ-թերթիկներ «աջակցենք Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացմանը» գրությամբ, որտեղ ներկայացված են ապակողմնորոշող հարցեր, ինչի միջոցով փորձ է արվում ցույց տալ, թե հանրությունը և երիտասարդությունը կողմ է այդ հանցավոր, Ազգայինի դեմ ու լգբտ քարոզ իրականացնող կոնվենցիայի վավերացմանը:

Հատկանշական է, որ այդ ախտով տառապողները արդեն չեն խորշում բացահայտ ասել, որ իրենց իրոք կոնվենցիան ուղղված է երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանության քողի տակ լգբտ անձանց իրավունքների ընդլայնմանը:

Եթե որոշ շրջանակներ և կարճամիտ ուղեղների երբևէ չաշխատած ծալքեր դեռ չեն ընկալել, որ Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, ուրեմն ստիպված կլինենք հատուկ բացատրական աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:

Բոլոր ապացույցները, նամակները և այլ անհրաժեշտը կտեղադրեմ մեկնաբանություններում:

Սպասում եմ սրա հետ կապված պաշտոնական պարզաբանման:

Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու.

Թույլ չենք տա.

Ցտեսություն»:

Ո՞ր դեկանի, այս պահին դեռ չգիտենք, բայց կփորձենք պարզել: Այժմ, սակայն, արդեն պարզ է, որ մանկավարժական համալսարանում թիրախավորելով երիտասարդության անտեղյակ հատվածին, Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ կեղծիքն է տարածվում: Դրա համար օգտագործվում է հին մեթոդը` ներկայացնելով այն իբրև կանանց նկատմամբ բռնության դեմ ուղղված փաստաթուղթ, թաքցնելով կոնվենցիայի էությունն ու բուն նպատակը, մասամբ էլ կոնվենցիայի վերաբերյալ անձանց գենդերային ինքնության ու սեռական կողմնորոշման մասով կիսաճշմարտություններ (կեղծիքի ամենանուրբ ու նենգ տեսակը) ներկայացնելով:

Ըստ համալսարանի ուսանողներից մեկի հայտնած տեղեկատվության, ուսանողները ստորագրել են մի փաստաթուղթ, որով իրենց համաձայնությունն են հայտնել մասնակցել անանուն հարցմանը` հետագա հետազոտություն կատարելու նպատակով, չեն մանրամասնել, ասել են «թեզի համար է»: Ուսանողները ստորագրել են այդ փաստաթուղթը, հետո նրանց տվել են մի թղթապանակ, որը մանրամասն ուսումնասիրելուց հետո ուսանողներից ոմանք հասկացել են, որ նպաստում է կոնվենցիայի վավերացմանը: Բեմում փոքրիկ բեմադրություն է եղել` բավական սրտառուչ ու հուզմունքով լի, որից հետո թերթիկներ են բաժանվել ուսանողներին, որոնք պետք է լրացնեին դրանք` ընտանեկան բռնության հետ կապված:

Բաժանվող հարցաթերթիկներում ուսանողները պետք է լրացնեին ու լրացրել են իրենց տարիքը, բնակության վայրը (Երևան, այլ քաղաքային բնակավայր, գյուղական բնակավայր…), ֆակուլտետը, կուրսը, ամուսնական կարգավիճակը, ինչպես նաև պատասխանեին (պատասխանել են) շեղող ու մոլորեցնող մի շարք հարցերի: Համալսարանում բաժանված այլ թերթիկներով ներկայացնելով կիսաճշմարտությունը, Ստամբուլյան կոնվենցիայի փաստացի գովազդն է իրականացվել: Կազմակերպիչները թեստը կրկնել են 2-րդ անգամ (հետաքրքիր է` ինչո՞ւ, երևի առաջինի արդյունքները չեն գոհացրել…) և ուսանողներին ասել, որ էսսե գրեն, վերջիններս մի ակնարկ են գրել: Այս տեղեկատվության հեղինակ ուսանողին մտահոգում է, որ ինքը չգիտակցված կամ հուզական վիճակում (հիշյալ բեմադրության արդյունքում) ստորագրել է և չգիտե` կո՞ղմ, թե՞ դեմ դիրքորոշում է հայտնել, որովհետև հստակ ոչինչ չի եղել, հարցման կազմակերպիչները միայն շարունակ կրկնել են, որ ռեկտորի, դեկանի թույլտվությունը և աջակցությունն ունեն, և որ ամեն բան արվում է միայն գիտափորձի և հետազոտությունների համար:

Ահա նաև` մանկավարժականում կատարվածի առնչությամբ համալսարանի ուսանողուհիներից մեկի` Տաթև Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իսկ այսօր մանկավարժական համալսարանում ռեկտորի մակարդակով, դեկանատի հսկողությամբ, բանից անտեղյակ, պարտադիր կերպով ապահովեցին մեր մասնակցությունը, վերցրեցին մեր ստորագրություններ, տվեցին թեստեր, որտեղ հարցերը ապակողմնորոշող էին և ինչպես էլ պատասխանեիր, միևնույն է, ի շահ նրանց էր լինելու, ցուցադրեցին մի ներկայացում, որտեղ բավական սրտաճմլիկ կերպով ներկայացրեցին բռնության, թմրամոլության, տրանսգենդերների և այլի մասին։ Շատ հզոր ուժով ազդեցին անտեղյակ մասսայի վրա, իսկ ինչ կանի չտեղեկացված մարդը, բնական է՝ պետք է դեմ լինի բռնությանը։ Հարյուրից ավելի մասնակցից միայն տասն էին տեղյակ, բայց ի՞նչ տոկոս կկազմի այդ փոքրիկ բոյկոտը. նրանց ընդհանրացված արդյունքն է պետք, որը կօգտագործեն իրենց հարմար»։

Զգուշացնում եմ մանկավարժականի ստահակներին` եթե այս հայուհու խիզախ գրառման համար նրա դեմ ինչ-որ հետապնդումներ սկսվեցին, անձամբ ինձ հետ եք գործ ունենալու… Ոմանք երևի լսել են, որ Բելգիայում միասեռ զույգերի համար միանգամայն լեգալ կերպով երեխաների տոնավաճառ է կազմակերպվել ու կայացել, որտեղ պղծված զույգերը, տրանսգենդերները կարողացել են սուրոգատ մայրերից իրենց համար երեխա գնել։ Սա՞ եք ուզում, այ գենդերիստներ և եվրոպոլիտներ, Եվրոպայի թավշյա սատանիստական բարքե՞րն եք ուզում տեսնել Հայաստանում, Աստծո սուրբ հողը, որտեղ Աստված առաջին մարդկանց արարեց, և որտեղ իջավ ջրհեղեղից փրկված Նոյը, պղծվա՞ծ եք ուզում տեսնել…

Ձեր ծոծրա՛կը կտեսնեք, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն ու դա չե՛ք տեսնի, Հայաստանը Սոդոմ ու Գոմոր չի՛ դառնա, շատ պարզ ասում եմ ձեզ` վախեցեք դաժան հատուցումից: Իսկ թե Հայոց երկիրն իրար խառնվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման պատճառով, թե ներքին բախումներ եղան, որից կարող է Ադրբեջանն օգտվել, վա՜յը ձեզ…

Ասում են` չկա չարիք առանց բարիքի: Թերևս ոչ բոլոր դեպքերում է դա այդպես, բայց այս դեպքում, կարծում եմ, հենց այդպես է, քանի որ ոմանք ինքնաբացահայտվում են: Պատասխանատվությունն անխուսափելի է լինելու: Այս հոդվածում չեմ անդրադառնա համալսարանում շատ բարձր պաշտոն զբաղեցնողներից մեկի սեռական կողմնորոշմանը (կարծում եմ, համալսարանում ու համալսարանից դուրս քչերը չէ, որ գիտեն այդ մասին), բայց եթե ոմանք համապատասխան հետևություններ չարեցին, ապա ստիպված եմ լինելու նրա ու մանկավարժականի հարցով, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, հայաստանյան մասոնները վաղուց իրենց որջն են ստեղծել, լրջորեն զբաղվել:

Արթուր Հովհաննիսյան