Եթե չես դիմավորել, ինչո՞ւ ես ճանապարհում․․․

Այսպիսով, ԵԱՏՄ գագաթնաժողովը Երևանում արդեն պատմություն է: Բավականին տարօրինակ, բայց պատմություն: Ինչպես և պլանավորված էր՝ ժամանել էին և Իրանի նախագահ Հասան Ռոհանին, և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Նման իրադարձության անցկացումը ինքնին Հայաստանի համար նորություն չէ: Անցած տարի, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, մեր երկիր նույնպես այցելեցին բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Այո, Հայաստանը միշտ հաջողությամբ է կազմակերպում ֆորումներն ու գագաթնաժողովները: Զարմանալի չէ. միջազգային ասպարեզում Հայաստանի իմիջը մեր իշխանություններից պահանջում է, որ խոշոր միջոցառումներին առավելագույն ուշադրություն դարձվի:

Իհարկե, կարևոր են այն տնտեսական խնդիրները, որոնք քննարկվել են ԵԱՏՄ գագաթնաժողովում, և որոնց վերաբերյալ տրվել են հեռանկարային հավաստիացումներ: Բայց, մեր կարծիքով, ավելի օգտակար է կենտրոնանալ ԵԱՏՄ գագաթնաժողովի արտաքին քաղաքականության բաղադրիչի վրա: Իզուր չէ, որ գագաթնաժողովի մեկնարկից առաջ լուրջ, թե կատակ շրջանառվում էր տեղեկություն, թե իբրև պատրաստվում է Երևան ժամանել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆո Ջուլիանին: Բայց, իբր, իմանալով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս գալու է Հայաստան, Ջուլիանին վերջին պահին հրաժարվել է Երևան մեկնելուց: Ինչո՞ւ ենք ասում, որ սա կատակ է: Շատ պարզ. ԱՄՆ-ում չէին կարող չիմանալ, որ ԵԱՏՄ առաջնորդ երկիրը Ռուսաստանն է: Նշանակում է, վստահ էին, որ նախագահ Պուտինը կժամանի Երևան, քանի որ նա արդեն հաստատել էր իր մասնակցությունը գագաթնաժողովին: Մեկ այլ խնդիր է Իրանի նախագահ Ռոհանին: Այ դրան ամերիկացիները չէին սպասում կամ վախենում էին: Մասնավորապես, անձամբ Ջուլիանին, քանի որ հենց Ջուլիանին էր մեղադրում Իրանի բարձրագույն իշխանությանը (մայիսից ի վեր) «Մոջահիդին-էլ-Հալք» (MEK) ահաբեկչական խմբավորմանը հանցակցելու մեջ: Բնականաբար, Թրամփի ցանկացած ներկայացուցիչ դիսկոմֆորտ կզգար Երևանում, երբ մայրաքաղաքում էր գտնվում նաև Իրանի նախագահը…

Նրբությունները քիչ չէին։ Իզուր չէ, որ Փաշինյանների ընտանիքին մոտ կանգնած լրատվամիջոցները հանկարծ սկսեցին միմյանց չզիջելով համոզել հայ հասարակությանը, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքում Պուտինի իբր «չնախատեսված» հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ տևել է ընդամենը «մի քանի րոպե»: Ռուսաստանի Դեսպանության խոսնակ Ալեքսանդր Գուչկովը հրաժարվել էր մեկնաբանություններից, երբ նրան դիմել էին պարզաբանման համար: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատեց հանդիպման փաստ՝ զերծ մնալով մանրամասներից: Իսկ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարճ պատասխանեց. «Այո»: Ըստ երևույթին, ճիշտ են այն աղբյուրները, որ պնդում են, թե Պուտինի և, մասնավորապես, Բելլա Քոչարյանի միջև հանդիպումը տևել է «բավականին երկար», և դա միայն թեյախմություն չէր: Նաև, ըստ երևույթին, ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, որ Փաշինյաններն այնքան էին շնչահեղձ լինում, որ վարչապետը շտապել է օդանավակայան՝ Պուտինին «ճանապարհելու», չնայած, հակառակ դիվանագիտական արձանագրության և վարվելակարգի բոլոր կանոնների, անձամբ չէր դիմավորել Ռուսաստանի նախագահին, երբ վերջինս ժամանեց Երևան: Իսկ թե ինչ էր օդանավակայանում «քննարկում» Փաշինյանը ավելի քան մեկ ժամ, որի պատճառով Ռուսաստանի առաջնորդի ինքնաթիռը ուշացումով է թռել, միգուցե մի օր կպարզենք:

Ինչ վերաբերում է իրանական հյուրին, խորհուրդ ենք տալիս ուշադիր լսել նրա ամբողջ ելույթը: Ռոհանին առնվազն «երկու բառ» ասաց այնպես, որ բոլորը հասկանան իրեն: Առաջինը, երբ նա բոլորին հրավիրեց համագործակցել Իրանում առկա բոլոր ազատ առևտրի գոտիներում և բոլորին հորդորեց օգտագործել իրանական տարածքի հաղորդակցական հնարավորությունները: Երկրորդը, երբ նա բոլորին հրավիրեց միանալ Իրանին՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու իր նախաձեռնություններում (բոլոր տարածաշրջաններում Իրանի շուրջ)` առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության: Ռոհանին, մասնավորապես, ընդգծել է, որ միջազգային հանրության բոլոր անդամները պետք է դեմ լինեն ԱՄՆ կամայականություններին և պատասխանատվություն ստանձնեն ամբողջ աշխարհում խաղաղության, անվտանգության, կայունության և կարգուկանոնի պահպանման համար: Նրա խոսքով, Իրանի դեմ ԱՄՆ-ի կոշտ պարտադրական միջոցները վերածվում են «տնտեսական ահաբեկչության», և միջազգային ծանր իրավիճակի պայմաններում բազմակողմ տարածաշրջանային համագործակցության խթանումը միակ ճիշտ մոտեցումն է: Ինչպես տեսնում եք, Իրանի կողմից ԵԱՏՄ-ի և Հայաստանի առաջ դրված հարցերը քիչ կապ ունեն անմիջապես տնտեսության և առևտրի հետ: Ռոհանին խոսում էր աշխարհաքաղաքականության մասին…

Սերգեյ Շաքարյանց