Տիկնիկայինի տնօրեն Բաբայանին ոչինչ չի՞ ասում «Vader»-ի «Իմացիր, որ կյանքիդ վերջն է եկել` վախից անօգնական ճիչերով…»-ը

Սատանիստական «Vader» ռոք խմբին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դահլիճը դիվային համերգների համար վարձակալությամբ տրամադրելու փաստը, որին անդրադարձել ենք նաև մենք` LIVEnews.am կայքի երեկվա հրապարակմամբ, շարունակում է մնալ ԶԼՄ-ների ու հասարակության ուշադրության կենտրոնում:

Տիկնիկայինի դահլիճը լեհական «Vader» ռոք խմբին վարձակալությամբ տրամադրելու կապակցությամբ սոցցանցերում ու ԶԼՄ-ներով քննադատության, պարսավանքի արժանանալուց, այսինքն` հասարակական ճնշումից, թերևս նաև իր վերադասի պահանջից հետո դահլիճը հիշյալ խմբին տրամադրելուց հրաժարվելու մասին հայտարարած թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, ինչպես երևում է, կատարվածը ծանր է տարել: Իր արարքի համար հանրությունից ներողություն խնդրելու կամ գոնե լռելու փոխարեն, նա panarmenian.net-ին երեկ տված հարցազրույցում, ոչ ավելի, ոչ պակաս, ասել է`«Խավարամտությունը գլուխ է բարձրացնում, անկեղծ պիտի խոստովանեմ»: Ստացվում է, որ տիկնիկայինի դահլիճը «Vader»-ին տրամադրելու համար իրեն, թատրոնի ղեկավարությանը քննադատողներս, սատանիզմի հետ ռոքի ունեցած առնչությունների մասին բարձրաձայնողներս խավարամիտներ ենք կամ մարդիկ, որոնց մեջ խավարամտությունը գլուխ է բարձրացնում, իսկ ինքն ու իր նմանները` հասարակության կիրթ ու լուսավորյալ հատվածը ներկայացնողներ:

Դե, քանի որ ռոքի առնչությամբ խոսք եղավ խավարամտության մասին, ինչը միայն տգիտության արտահայտություն կարող է լինել, ընթերցողին ներկայացնենք, թե իրականում ով կամ ովքեր են այս հարցի վերաբերյալ խավարամիտները:

Թեև վերոնշյալ համերգի կազմակերպիչ «Zhesht Events»-ը քննադատություններից հետո մեջբերել է երաժիշտներից մեկի խոսքերը` «Սատանիզմը մեզ համար զուտ ըմբոստության սիմվոլիզմ է և չի խորհրդանշում սեր չարիքի նկատմամբ։ Մենք օգտագործում ենք այդ սիմվոլիկան, որպեսզի մեր ըմբոստությունն արտահայտենք ընդդեմ այն ամեն վատի, ինչը կատարվում է աշխարհում՝ քաղաքական որոշումներ, դաժանություն, պատերազմներ և այլն», այնուհանդերձ, նկատենք, որ եթե դա իրականում այդպես լիներ, ապա խումբը ծայրահեղ դեպքում կսահմանափակվեր սոսկ սատանիստական խորհրդանիշների (սիմվոլիկայի) օգտագործմամբ, և ոչ թե սատանիզմը կընտրեր որպես ըմբոստության սիմվոլիզմ կամ սիմվոլիկա:

Երկրորդ. վատի նկատմամբ ըմբոստություն արտահայտելու համար բնավ պարտադիր չէր ու պարտադիր չէ սատանիստական խորհրդանիշների օգտագործումը, ըմբոստությունը կարելի էր ու կարելի է արտահայտել նաև այլ խորհրդանիշների օգտագործմամբ:

Երրորդ. ինչպես արդեն նշեցինք, ըստ «Vader»-ի երաժիշտներից մեկի, իրենք սատանիզմը որպես սիմվոլիկա օգտագործում են, որպեսզի իրենց ըմբոստությունն արտահայտեն ընդդեմ այն ամեն վատի, ինչը կատարվում է աշխարհում՝ քաղաքական որոշումներ, դաժանություն, պատերազմներ և այլն: Սրանից կարելի է ենթադրել, որ թեև սատանիզմը որպես սիմվոլիկա օգտագործում են աշխարհում վատի նկատմամբ իրենց ըմբոստությունն արտահայտելու համար, սակայն «Vader»-ի կատարումներն իրենց բովանդակությամբ լավն են, ընդդեմ են այն ամեն վատի, ինչը կատարվում է աշխարհում՝ քաղաքական որոշումներ, դաժանություն, պատերազմներ և այլն:

Իրականում, սակայն, հենց «Vader»-ի` մեզ ծանոթ երգերն են իրենց բովանդակությամբ վատը, հետևաբար նորմալ կամ բարի նպատակներ ունեցող մարդիկ հենց դրանց ու դրանց կատարողների դեմ պետք է ըմբոստանան: Ավելորդ չենք համարում մեկ անգամ ևս թարգմանաբար ներկայացնել նրանց երգերից մեկը` «Vader» խմբի «Reborn In Chaos» («Վերածնունդ քաոսում») երգալբոմից «Death Metal» («Մահացու մետաղ») երգը, որը սատանիզմի բացահայտ արտահայտություն է.

«Հառնեք մեռյալներից և ջարդուփշուր անելով դուրս թռեք գերեզմաններից. սպանդը կանգ չի առնի մինչ արևածագ. մենք ձեզ դժոխք կհասցնենք, քանզի ստրկացնել ենք կամենում. հոգին կսառչի ահից: Մենք տակնուվրա կանենք ընդերքը, պահպանելով մեր ծածկագրերը, որոնք հավերժական են: Ձեր օրենքները հեռու պահեք մեր սատանիստական ծածկագրերից, որոնք ձեզ կբերեն մահու կռիվ` վերահսկելով ձեր քաղաքները: Կդառնանք ձեր մղձավանջը` ահասարսուռ հնչյուններով ծակելով ձեր ականջները: Ձուլվելով իմ փախչող հայացքին` Լյուցիֆերը զվարճանքի մեջ է. իր ցանկությունները ի կատար են ածված: Կրակները վառվում են, տաք մարմիններ են այրվում, մարդիկ են սպանվում. Տառապանք. ահա թե ինչի համար ենք մենք կռվում. ջարդելով երիտասարդներին և սպանելով ծերերին: Բոլոր սրտերից արյուն է հորդում. մթություն է և ձեր հոգիները` վաճառված: Ճանկերը կմխրճվեն ձեր մսերի մեջ, երբ արևը դեռ չի ծագել և օրը գիշերի է նման: Իմացիր, որ կյանքիդ վերջն է եկել` վախից անօգնական ճիչերով… Deat metal-ն է եկել քամուն ընդառաջ… »:

Հարգելիներս, դուք այստեղ «Vader» խմբի կողմից որևէ ըմբոստության արտահայտություն տեսա՞ք ընդդեմ այն ամեն վատի, ինչը կատարվում է աշխարհում՝ քաղաքական որոշումներ, դաժանություն, պատերազմներ և այլն: Իհարկե՛ ոչ: Հետևաբար իզուր է հիշյալ խմբի երգիչներից մեկը փորձում լապշաներ կախել մեր ականջին, իսկ համերգի կազմակերպիչ «Zhesht Events»-ն էլ, անգիտակցաբար թե գիտակցաբար, նրան օժանդակում այդ գործում: Չի՛ ստացվելու: Ի վերջո, անդրադառնալով խմբի երաժիշտներից մեկի այն հայտարարությանը, թե «Սատանիզմը մեզ համար զուտ ըմբոստության սիմվոլիզմ է և չի խորհրդանշում սեր չարիքի նկատմամբ», ընդգծենք` ռոքի այն ժանրը, որով հանդես է գալիս «Vader»-ը, այն է` Death (Death-Thrash) (ռուսերեն հապավումը` дэт) Metal, այսինքն` մահացու (մահացու քոթակ) մետաղական ռոքը, ինչպես նաև խմբի կատարումները նշված ժանրում հենց իրենք իսկ չարիք են, ինչին թեմայի վերաբերյալ առաջիկա հրապարակումներում դեռ կանդրադառնանք:

Տիկնիկային թատրոնի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրեն, «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» կազմակերպության (Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի) տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը հիշյալ հարցազրույցում մի կողմից ինքն է հավաստել` «Ցավոք սրտի, այս ռոք խումբն ունի բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն, որի մասին իր հարցազրույցներում բազմիցս ասել է խմբի ղեկավարը», մյուս կողմից ասել` «Ես շատ քիչ բան գիտեմ սատանիզմի մասին, բայց կարծում եմ կա ևս մի շատ կարևոր բան. մեր հասարակության մեջ, ցավոք սրտի, տարօրինակ պատկերացումներ կան ամեն ինչի մասին: Ես կարծում եմ, որ այսօր լուսավորության և կրթության մեջ մենք մեծ պրոբլեմ ունենք», «Եթե չլիներ հանրության մշակութային կրթության այդ պրոբլեմը, համերգի՝ Տիկնիկայինում չեղարկում չէր լինի», «Մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խավարամտությունը գլուխ է բարձրացնում, պիտի անկեղծ դա խոստովանեմ»:

Բաբայանի խոսքերից պարզ է, որ նա անուղղակիորեն ներկայանալով լուսավորության և կրթության, մշակութային կրթության մեջ պրոբլեմ չունեցող, ըստ էության, բնավ դեմ չէր, իր իսկ բառերով, «բացահայտ սատանիստական քարոզչության ուղղվածություն» ունեցող «Vader» ռոք խմբին տիկնիկայինի դահլիճը տրամադրելուն, միայն թե, ցավոք, դրան խանգարեցինք այսօր լուսավորության և կրթության, մշակութային կրթության մեջ մեծ պրոբլեմ ունեցողներս:

Արթուր Հովհաննիսյան