Ռոհանին կոչ է անում վտարել ամերիկյան զորքերը Մերձավոր Արևելքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում բացահայտ ցույց են տալիս երկու պատերազմող կողմերի նպատակները: Թրամփի ամբողջ հռետորաբանությունը տոգորված էր ռազմատենչ ոգով, Իրանի դեմ հետագա պատժամիջոցների և ճնշումների կոչով: Միևնույն ժամանակ, Ռոհանին Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության, խաղաղության, կայունության և առաջընթացի ապահովումն անվանեց Իրանի պատմական պարտականություն, և տարածաշրջանի բոլոր երկրներին հրավիրեց միանալ Հորմուզի խաղաղության նախաձեռնությանը (HOPE): Սա իրանցիների ավանդական մոտեցումն է՝ անվտանգությունն ապահովել միայն տարածաշրջանի երկրների ուժերի միջոցով՝առանց արտատարածաշրջանային երկրների մասնակցության: Հիշեցնենք, որ Իրանը նույն մոտեցումն է կիրառում Անդրկովկասի և Կասպյան տարածաշրջանի անվտանգության հարցում:

Ռոհանին վճռականորեն մերժել է ԱՄՆ-ի հետ ցանկացած բանակցություն, քանի դեռ Վաշինգտոնը չեղյալ չի հայտարարել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները… Եվ ինչպե՞ս կարելի է պայմանավորվել այս երկրի հետ, կամ ինչպես Իրանում անվանում են ԱՄՆ-ին՝ Մեծ Սատանայի հետ: «ԱՄՆ ներկայիս վարչակազմի մոտեցումը ներառում է ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտում, այլև աշխարհի բոլոր երկրների քաղաքական և տնտեսական ինքնիշխանության խախտում»,- արդարացիորեն նշել է Ռոհանին: Ըստ նրա, Իրանն ապացուցել է իր նվիրվածությունը համաձայնագրերի իրագործմանն ու խաղաղության ձգտմանը, երբ մի ամբողջ տարի դիմացել է ամերիկյան պատժամիջոցներին և Թեհրանի հետ միջուկային գործարք ստորագրած եվրոպական երկրների կամազուրկ անգործությանը։ Եվ հիմա Իրանը աստիճանաբար և փուլերով կրճատում է իր պարտականությունները՝ շեշտելով, որ եթե պատժամիջոցները չեղարկվեն, և եվրոպական երկրները կատարեն իրենց խոստումները, Իրանը նորից կվերադառնա 2015 թվականի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (JCPOA) բոլոր կետերի լիարժեք իրականացմանը, այսինքն. Իրանի և Արևմուտքի «միջուկային գործարքին»՝ Ռուսաստանի և Չինաստանի միջնորդությամբ: Իրանի գործադիր իշխանության ղեկավարը հայտարարել է. «Կիրառելով էքստարածաշրջանային պատժամիջոցներ, սպառնալով և հետապնդելով այլ երկրների՝ ԱՄՆ-ը ձգտում է զրկել Իրանին համաշխարհային տնտեսության մեջ իր մասնակցությունից: Չարաշահելով իրենց դիրքերը համաշխարհային բանկային և ֆինանսական ոլորտներում՝ ԱՄՆ-ը զբաղվում է իրական միջազգային ավազակությամբ»:

Ռոհանին նշել է. «Մենք չենք կարող ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցելու հրավերը, երբ նրանք կիրառում են պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները իրանական ազգի դեմ: Ինչպե՞ս կարելի է հավատալ նրանց, երբ 83 միլիոնանոց իրանցիների, հատկապես կանանց և երեխաների նկատմամբ կատարված հանցագործություններն ու ճնշումները հատուկ ուրախության և հպարտության առարկա են ամերիկյան ղեկավարության համար: Իրանական ժողովուրդը երբեք չի մոռանա և չի ներելու այդ ոճրագործությունները: Մինչ Թրամփն ու նրա եվրոպացի գործընկերները փափագում են իրանական արյունը, մենք առաջարկում ենք Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի տարածաշրջանում հակամարտության կարգավորման իրատեսական ծրագիր՝ «Hormuz Peace Endeavour» (HOPE, «Հույս») անվանումով»: Ընդ որում, նա շեշտեց, որ Վաշինգտոնի միջամտությունը և նրա կողմից տարածաշրջանային պետություններին զենք վաճառելը խախտում են խաղաղությունն ու անվտանգությունը Մերձավոր Արևելքում: Տարածաշրջանի անվտանգության համար հարկավոր է դուրս բերել ԱՄՆ զինված ուժերը, նշել է Ռոուհանին և հավելել, որ Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության բանաձևն է՝ «Տանը՝ ժողովրդավարություն, դրսում՝ դիվանագիտություն»: Ուղղակիորեն դիմելով Պարսից ծոցի երկրներին՝ Իրանի նախագահը հայտարարել է. «Չի կարելի գնել անվտանգություն և ապահովել այն օտարերկրյա պետությունների միջոցով: Մեր հարևանների խաղաղությունը, անվտանգությունն ու ինքնիշխանությունը նաև խաղաղություն, անվտանգություն, ինքնիշխանություն են մեզ համար: ԱՄՆ-ը մեր հարևանը չէ, Իրանը ձեր հարևանն է, և դեռ հնուց մեզ բոլորիս սովորեցնում էինք՝ «նախ հարևանը, ապա սեփական տունը» և անկանխատեսելի իրավիճակում մենք ձեզ հետ ենք մենակ մնում, ոչ թե Ամերիկայի… Այս առումով Սաուդյան Արաբիայի անվտանգությունը ապահովվում է վերջ տալով իր ագրեսիային Եմենում, ոչ թե օտարերկրացիներին հրավիրելով»:

Բայց այդ ով չգիտի, որ Իրանը այն երկիր չէ, որը հանձնվելու է առանց պայքարի: Ոմանք սիրում են հիշեցնել. իբր Սադամ Հուսեյնը նույնպես պարծենում էր իր զինված ուժերով, սակայն նույնիսկ մեկ ամիս չդիմացավ: Այնուամենայնիվ, Իրաքի և Իրանի միջև կան մի շարք սկզբունքային տարբերություններ: Իրանցիները արաբ չեն և այլ մտածելակերպ ունեն: Նրանք միավորված են իրենց առաջնորդի`այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի շուրջ, որը անվիճելի հեղինակություն է գրեթե յուրաքանչյուր իրանցու համար: Նրանք Իրաքի հետ 8-ամյա պատերազմի հարուստ փորձ ունեն: Իրանն ունի իր ռազմական արդյունաբերությունը, որն ի վիճակի է արտադրել գրեթե ցանկացած տեսակի ժամանակակից զենք, ինչը Իրաքը չուներ: Իրանը ձգտում է դառնալ Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության հենակետ, բոլոր ժողովուրդների կայունության և բարգավաճման երաշխավոր, իսկ ԱՄՆ-ը օկուպանտ է, զավթիչ և հեգեմոն, որ ցանկանում է ղեկավարել աշխարհի ժողովուրդներին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Թրամփի և Ռոհանիի ելույթները դա լիովին ցույց են տվել: Հավելենք. Պարսից ծոցում Իրանի խաղաղ նախաձեռնությանը աջակցություն են հայտնել Ռուսաստանն ու Չինաստանը:

Սերգեյ Շաքարյանց