Եթե «Իմ քայլը» հավաքել է 70 տոկոս ձայն, չի նշանակում, որ ՔՊ-ն ունի 70 տոկոս հեղինակություն․ Դանիել Իոաննիսյան

«ՀՀ-ում պետք է ստեղծել կուսակցությունների ինստիտուտ, որովհետև կուսակցությունների ինստիտուտ Հայաստանում, ըստ էության, չկա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Երբ վերցնում ենք սոցհարցումները, կուսակցությունների՝ որպես ինստիտուտի նկատմամբ վստահությունը շատ-շատ ցածր է: Սա նշանակում է՝ նման ինստիտուտ չկա, և այն, որ «Իմ քայլը» հավաքել է 70 տոկոս ձայն, չի նշանակում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ որպես կուսակցություն, ունի 70 տոկոս հեղինակություն: Դա նշանակում է, որ ինչ-որ անձ՝ Նիկոլ Փաշինյանը, նրա որոշ թիմակիցներ ունեն բարձր հեղինակություն»:

«Թող ներեն ինձ ԱԺ-ում գործող երեք կուսակցությունները, բայց երեք դեպքում էլ գործել է պառավոզի էֆեկտը․ ղեկավարը կամ ղեկավարներն իրենց հետևից քաշել են ամբողջ ցուցակը»,- նշեց նա՝ հավելելով, որ խնդիրը սահմանադրական կարգավորում է պահանջում: