40 օր ժամկետով տեղի կունենան աննախադեպ վարժական հավաքներ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019թ․ հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 30-ը:

Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա նշեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման,

2) մասնագիտական վերապատրաստման,

3) մասնագիտական պատրաստման,

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման  համար վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սրանք պլանային իրադարձություններ են և «դա կապված չէ արտաքին կոնյուկտուրայի փոփոխության հետ, դա կապված է որոշակի գործելաոճի փոփոխության հետ»:

Նշենք, որ որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին  ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը`պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի դրանից, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ  ստորաբաժանումներ`համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների  ռազմական  հմտությունների  կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ»: