Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախագիծն ընդունվեց

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից առաջարկած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից բարձրացնել՝ դարձնելով 68 հազար:

Նախագիծն ընդունվեց 102 կողմ և 1 դեմ ձայներով:

Պատգամավորներն սկզբնապես առաջարկել էին ամսական նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչև 63 հազար դրամ: Սակայն հարցը կառավարությունում քննարկելուց հետո գործադիրն առաջարկել էր նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ:

Նվազագույն աշխատավարձը ամսական 68 հազար դրամ դարձնելու դեպքում կբարձրանան մոտ 57 հազար պետական ծառայողների և մասնավոր հատվածի մոտ 130 հազար աշխատողների աշխատավարձերը: