Հունաստանում լրատվամիջոցների և տրանսպորտի աշխատողները գործադուլ են անում

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հունական արհմիություններն անցկացնում են գործադուլ ընդդեմ, այսպես կոչված, «զարգացման մասին օրենքի», որը սահմանափակում է աշխատավորների և արհմիությունների իրավունքները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»:

Գործադուլին մասնակցում են OTE հեռահաղորդակցային ընկերությունների աշխատողներ, ուսուցիչներ և համալսարանների դասախոսներ, տրանսպորտի աշխատողներ, բանկերի ծառայողներ, նավաստիների արհմիությունների մի մասը, հեռուստատեսությամբ և ռադիոյով լուրեր չեն թողարկվի, լույս չեն տեսնի թերթեր: Սպասվում է, որ գործադուլին կմիանան նաև բժիշկները։

Աթենքի կենտրոնում պատրաստվում են հանրահավաքներ և ցույցեր:

Նշենք, որ սա վերջին երկու շաբաթում երկրորդ գործադուլն է Հունաստանի նորընտիր կառավարության քաղաքականության դեմ, որն իշխանության է եկել հուլիսի 7-ի ընտրություններից հետո։ Առաջին գործադուլն անցկացվել էր սեպտեմբերի 24-ին։

Արհմիությունները հայտարարում են, որ կառավարության առաջարկած տնտեսական զարգացման մասին օրինագիծն ուղղված է հասարակության և աշխատավորների դեմ: Օրինագծով նախատեսվում է, որ գործադուլ կարելի է հայտարարել միայն արհմիությունների անդամների կեսից ավելիի աջակցության դեպքում, ոչ թե 10-15 ղեկավարների: Գործատուներն ավելի շատ իրավունքներ են ստանում ճյուղային հավաքական պայմանագիր կնքելիս և կարող են վկայակոչել ընկերության ֆինանսական խնդիրները: Այսպիսով սահմանափակվում են արհմիությունների իրավունքները:

Տրանսպորտային կոլապս

Առավել մեծ խնդիրներ կառաջանան ճանապարհներին. հանրային տրանսպորտի աշխատողների գործադուլի պատճառով մարդիկ ստիպված կլինեն աշխատանքի հասնել սեփական ավտոմեքենաներով: Ուղևորները դժվարությամբ կհասնեն օդանավակայան:

Մի ամբողջ օր երկու ուղղություններով չեն երթևեկի մետրոյի գնացքները: Ավտոբուսներն ու տրոլեյբուսները կաշխատեն 9.00-21.00, իսկ տրամվայները՝ 9.00- 15.00: Գործադուլ են հայտարարել երկաթուղու աշխատողները, չեղարկվում են միջքաղաքային և մերձքաղաքային գնացքների ուղերթները:

Լաստանավերը չեն գործի Ատտիկայի երեք նավահանգիստներում՝ Պիրաեուս, Լաուրիում, Ռաֆինա։ Այնպես որ կղզիների մի մասը կմնա առանց միակ տրանսպորտային հաղորդակցության:

 Մեկ օր առանց նորությունների

Լրագրողական արհմիությունները 24-ժամյա գործադուլ են անցկացնում. առավոտվա 6-ից կդադարեն նորությունների թողարկումները ռադիոյով և հեռուստատեսությամբ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ու քաղաքային ալիքներով, լույս չեն տեսնի թերթերը։ Աշխատանքը կդադարեցնի Աթենքի նորությունների АМНА գործակալությունը։

Բացի դրանից, չեն աշխատում նաև նախարարությունների ու գերատեսչությունների մամուլի ծառայությունները։ «Մամուլը չի կարող կորցնել աշխատանքային իրավունքները։ Առաջադրվող օրինագիծը վերացնում է գործատուների կամայականություններից աշխատողների պաշտպանության տարրական մեխանիզմները»,- ասվում է արհմիությունների համատեղ հայտարարությունում։

Օրինագծի ընդունումը ներկա տեսքով անխուսափելիորեն կհանգեցնի գործադուլների թեժացման, կարծում են արհմիությունները։ Լրատվամիջոցների աշխատակիցների՝ ինչպես լրագրողների, այնպես էլ տեխնիկական աշխատակիցների համար գործադուլին մասնակցությունը պարտադիր է։

Բացառություն են միայն այն լրագրողները, ովքեր լուսաբանում են գործադուլները և դրանց հետ կապված ցույցերը։