Պետք է աշխատել զարգացնել թվային տնտեսությունը․ Պուտին

«Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը»,- այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը` անդրադառնալով նիստի արդյունքներին:

Վլադիմիր Պուտինն ասաց, որ համաձայն է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությանը տրված դրական գնահատականներին: Նրա որակմամբ՝ ԵԱՏՄ-ը զարգանում է աստիճանաբար, ստեղծվել է ծավալուն ընդհանուր շուկա, որը հաջողությամբ գործում է: ՌԴ նախագահի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն գործընթացները բարենպաստ ազդեցություն են թողնում անդամ երկրների տնտեսությունների աճի վրա, նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը:

«Նշեմ, որ շարունակում է աճել նաև անդամ երկրների ՀՆԱ-ների համակցությունը: Աճում է արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունը, միևնույն ժամանակ՝ մեր միավորման առջև ծառացած են նոր մասշտաբային խնդիրներ: Ի դեպ, հատուկ ուշադրության է արժանի, մեր կարծիքով, ապրանքների և ծառայությունների առևտրի հարցում սահմանափակումների վերացմանն ուղղված համակարգային աշխատանքը շուկայի տարբեր ոլորտներում»,- ասաց ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը հույս հայտնեց, որ մոտ ապագայում ուժի մեջ կմտի միացյալ էներգետիկ շուկայի համաձայնագիրը: Նրա խոսքով, ընդհանուր էլեկտրաէներգիայի տարածքը պետք է ձևավորվի 2025 թվականին՝ գազի, նավթի, նավթամթերքի միասնական շուկաներին զուգահեռ:

«Պետք է աշխատել զարգացնել նաև թվային տնտեսությունը»,- ասաց ՌԴ նախագահը:

Նա կարևորեց նաև ապրանքների մակնշումը ու հետագայում դրանց շարժի վերահսկողությունը: Պուտինն ասաց, որ հետաքրքրված են նաև արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնմամբ: Նա նշեց, որ ողջունում է Մոլդավայի նախագահին, Իրանի նախագահին, Սինգապուրի վարչապետին:

Նրա կարծիքով՝ այսօր ստորագրվելիք համաձայնագիրը Սինգապուրի հետ նպաստավոր պայմաններ կստեղծի փոխադարձ արտահանում-ներմուծում գործողությունների համար, տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար:

«Սինգապուրը հուսալի, կայուն գործընկեր է՝ արագ զարգացող տնտեսությամբ և լավ կառավարմամբ: Վերջերս Սինգապուրի կառավարության հրավերով առիթ եմ ունեցել լինելու այնտեղ: Ակնկալում ենք նաև, որ հոկտեմբերի վերջին ուժի մեջ կմտնի Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի գոտու պայմանագիրը, դրա իրականացումն էականորեն կիջեցնի ներմուծման տարիֆները, մի շարք այլ սահմանափակումներ կվերացնի և կնպաստի համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը»,- ասաց Վլադիմիր Պուտինը:

Եզրափակելով իր խոսքը՝ ՌԴ նախագահը շնորհակալություն հայտնեց հայաստանյան գործընկերներին՝ այս համատեղ աշխատանքը կազմակերպելու համար: