Պետք է պատշաճ նշել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակը

ԱՄՆ-ի 28-րդ նախագահ (1913-1921 թթ.), քաղաքական ու պետական գործիչ, ակադեմիկոս Վուդրո Վիլսոնի անունն այսօր շատ հայերի է հայտնի`Հայաստանի Հանրապետությունում, թե նրա սահմաններից դուրս:

2020թ. նոյեմբերի 22-ին լրանում է Հայաստանի և Թուրքիայի սահմանի վերաբերյալ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կամ Վիլսոնի իրավարարական պայմանակարգի կայացման հարյուրամյակը (պաշտոնական լրիվ անվանումը՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»

Վուդրո Վիլսոնը ծնվել է Ստոնտոնում (ԱՄՆ, Վերջինիա), 1856թ. դեկտեմբերի 28-ին, վախճանվել Վաշինգտոնում, 1924թ. փետրվարի 3-ին: Նրա աճյունն ամփոփված է Վաշինգտոնի ազգային տաճարում: Ավարտել է Դեվեդսոն քոլեջը, Փրինսթոնի համալսարանը, Ջոն Հոփկինսի համալսարանը և Վիրջինիայի համալսարանը: 1890-1902 թվականներին եղել է Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր, իսկ 1902-1910 թվականներին՝ նույն համալսարանի ռեկտոր։ 1919թ. արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի։ Հայտնի է նաև որպես պատմաբան և քաղաքագետ: Եղել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամ, 1911-1913 թվականներին՝ Նյու Ջերսի նահանգի նահանգապետ:

Վուդրո Վիլսոնը հայտնի է նաև Հայկական հարցի հայանպաստ լուծման իր դիրքորոշմամբ: 1920թ.-ի ապրիլին ԱՄՆ-ը փաստացի (դե ֆակտո) ճանաչել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Լինելով հայկական պետության կայացման, ամրապնդման ջատագով, Վիլսոնը պաշտպանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատը ստանձնելու գաղափարը, սակայն նույն թվականի հունիսին ԱՄՆ-ի Սենատը մերժել է (52 դեմ, 23 կողմ) Հայաստանի մանդատը: Սևրի պայմանագրի իրողություները ամրագրելու նպատակով, Ազգերի լիգայի հանձնարարությամբ Վիլսոնի կողմից գծվել է Թուրքիայի և Հայաստանի նոր սահմանագիծը, որը դրված է Վիլսոնի իրավարար վճռի հիմքում։ Սակայն միջազգային իրադրության արագ փոփոխությունը, Անտանտի երկրների միջև հակասությունների սրումը, Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի հետ կապված իրադարձությունները, Հայաստանի առաջին հանրապետության անկումը ձախողել են ինչպես Սևրի պայմանագրի, այնպես էլ Վիլսոնի իրավարար վճռի իրագործումը։ Վիլսոնի մասին նկարահանված «Վիլսոն» (1944 թ.) գեղարվեստական կինոնկարն արժանացել է 5 «Օսկարի»:

Կարծում ենք, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի առթիվ անհրաժեշտ է ՀՀ իշխանություններից պահանջել պատշաճ մակարդակով նշել մեր ժողովրդի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այդ փաստաթղթի 100-ամյա տարեդարձը` Հայաստանում իրականացնելով մի շարք միջոցառումներ: Հնարավոր միջոցառումներից կարող են լինել մասնավորապես`

 Համազգային հռչակագրի ընդունումը:

  • Իրավարար վճռի 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի գումարումը Երևանում:
  • Միջազգային գիտաժողովի գումարումը:
  • Վիլսոնյան Հայաստանի քարտեզի հրատարակումը:
  • Հայոց ցեղասպանության թանգարանում Իրավարար վճռի վերաբերյալ նյութերի ցուցադրությունը:
  • Դպրոցական ծրագրերում իրավարար վճռի պատշաճ ներկայացումը:
  • Շարադրությունների (ակնարկների), վերլուծական/գիտական աշխատանքների մրցույթը դպրոցականների, ուսանողների, երիտասարդ գիտնականների շրջանում:
  • Համապատասխան նամականիշի թողարկումը:
  • Վուդրո Վիլսոնի անունով փողոցի անվանակոչումը, մասնավորապես` Ամերիկյան փողոցի վերանվանումը Վուդրո Վիլսոնի անունով:
  • Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի օրը քայլերթի կազմակերպումը:

Արթուր Հովհաննիսյան