Երևանը ներառվել է ԱՊՀ լավագույն քաղաքների եռյակում՝ աշնանային ճամփորդությունների համար

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը ներառվել է ԱՊՀ լավագույն քաղաքների եռյակում՝ 2019 թվականի աշնանային հանգստի և ճամփորդությունների համար:

Վարկանշային աղյուսակը կազմել է ռուսական ТурСтат զբոսաշրջային պորտալը՝ հիմնվելով զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի քաղաքների վերլուծության վրա:

«Զբոսաշրջիկներն ինքնուրույն ԱՊՀ քաղաքներ են մեկնում աշնանը միջինը երկու-երեք հանգստյան օրերի, իսկ խմբերով՝ սովորաբար ընտրում են մեկշաբաթյա էքսկուրսիոն տուրեր: ԱՊՀ քաղաքներում աշնանային ճամփորդութունների համար զբոսաշրջիկները ծախսում են օրական 40-100 դոլար՝ ներառյալ բնակության վայրը և սնունդը»,- գրում է պորտալը:

Նշվում է, որ զբոսաշրջիկները Երևան այցելում են հատկապես հանգստյան օրերին:

Մինսկը (Բելառուս) ցանկի առաջին հորիզոնականում է, Նուր-Սուլթանը (Ղազախստան)՝ երկրորդ:

Թոփ տասնյակում են նաև Ալմաթին (Ղազախստան), Բաքուն (Ադրբեջան), Տաշքենդը (Ուզբեկստան), Քիշնևը (Մոլդովա), Բիշքեկը (Ղրղզստան), Դուշանբեն (Տաջիկստան) և Աշխաբադը (Թուրքմենստան):