Բակո Սահակյանը զինծառայողներին պարգևատրել է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության համար

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին:

ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տեղեկացմամբ, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի առաջխաղացումը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Արմեն Բաբայանը և Էմիլ Ներսիսյանը:

Արցախի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունը խախտած, հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «Օրբիտեր-2» տեսակի անօդաչու թռչող սարքը խոցելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ Պարույր Ամիրխանյանը և Ռաֆիկ Օրդոյանը: