Արտակ Բեգլարյանը ԵԽԽՎ-ում հանդես է եկել ելույթով՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերների վերաբերյալ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ, մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը:

ԱՀ ՄԻՊ գրասենյակի տեղեկացմամբ, Ա. Բեգլարյանը և ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության նախկին ղեկավար Ռենե Ռուկեն հանդես են եկել ելույթներով: Միջոցառմանը ներկա էին ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ, տարբեր երկրների դիվանագետներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներ ու փորձագետներ:

Պաշտպանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև:

«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ,

Ես շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությանը և պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության և ԵԽ դերի կարևորության մասին խոսելու հնարավորության համար:

Պատիվ է այս հարթակը կիսել նաև պարոն Ռուկեի հետ, ով, իսկապես, լավ հասկանում է մեր այսօրվա քննարկման թեման:

Որքան գիտեմ ՝ սա առաջին անգամն է, որ Արցախի պաշտոնական ձայնը կլսվի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում. այնպես որ, այս միջոցառումը կերտում է պատմություն…

Թույլ տվեք խոսքս սկսել Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածը մեջբերելով.

«Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ առանց որեւէ տարբերակման: Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի ելնելով անձի պատկանելության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից՝ լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով կազմավորում»:

Այսպիսով, մարդու իրավունքները հռչակված են որպես համընդհանուր, իսկ ինչպիսի՞ն է իրականությունը…

Կգերադասեի պատասխանել ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքերով, ով 2014-ին իր զեկույցում անդրադարձավ Եվրոպայի հակամարտությունների գոտիներում բնակվող գրեթե 3 միլիոն մարդկանց դեմ ծառացած մարտահրավերներին՝ նշելով. «Չկարգավորված հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց իրավունքների պաշտպանությունը հաճախ միջազգային հանրության առաջնահերթություններից չէ, երբ փորձում ենք զբաղվել այդ հակամարտությունների կարգավորման դժվարություններով»:

Սա կարևոր խոստովանություն էր, քանի որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ծառայի նախևառաջ մարդու իրավունքների պաշտպանությանը:

Այնուամենայնիվ, ինչպես սովորաբար, այստեղ նույնպես իրականությունը հակասում է ցանկություններին և հայտարարություններին: Իրականությունն այն է, որ Եվրախորհրդի տարածքում միլիոնավոր մարդիկ չունեն պատշաճ հասանելիություն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին, ինչպես նաև միջազգային աջակցության և զարգացման ծրագրերին: Նրանք դե ֆակտո պետություններում ապրող մարդիկ են, պետություններ, որոնք ձևավորվել են հակամարտությունների արդյունքում, բայց պաշտոնապես չեն ճանաչվել միջազգային հանրության կողմից:

Խնդրի ծավալը հասկանալու համար հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի 17%-ը առնչվում է այդ չլուծված հակամարտություններին: Կարծում եմ ՝ տոկոսը հետագայում կաճի, քանի դեռ իրավիճակը դրականորեն չի փոխվել:

Ջորջ Օրվելի հայտնի խոսքը փոքր-ինչ խմբագրելով՝ պարզվում է, որ բոլոր մարդիկ հավասար են, բայց նրանցից ոմանք ավելի քիչ հավասար են…

Ինչո՞ւ «քիչ հավասար» մարդիկ հավասար չեն «ավելի հավասար» մարդկանց…

Կարճ պատասխանը երկու մասից է բաղկացած.

ա) Իր չափանիշներն առաջ մղելու հարցում միջազգային հանրության քաղաքական կամքի բացակայության պատճառով: Այն հաճախ տրվում է քաղաքականությանը և սակարկություններին՝ մարդու իրավունքների պաշտպանության վրա կենտրոնանալու փոխարեն:

բ) Եվրոպայի խորհրդի անդամ որոշ պետությունների կոշտ ընդդիմության պատճառով, որոնք ներգրավված են այդ հակամարտություններում, վիճարկում են դե ֆակտո պետությունների օրինականությունը և ձգտում են մեկուսացնել դրանց բնակչությանը:

Գիտակցելով այս իրողությունը՝ 2018-ին Վեհաժողովն ընդունեց իր 2240 բանաձևը, որտեղ վերահաստատեց Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ լիարժեքորեն և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մշտադիտարկման միջազգային մեխանիզմների հետ, որը ներառում է նաև հակամարտության գոտիներ մուտք գործելու հնարավորությունը:

Բացի այդ, գլխավոր քարտուղար Յագլանդը իր 2019 թվականի զեկույցում կրկին անդրադարձել է այդ մարտահրավերին և ներկայացրել դրա լուծման իր մոտեցումները: Նա, մասնավորապես, առաջարկել է, որ «Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է ունենա լիարժեք, ազատ և անսահմանափակ մուտք բոլոր չկարգավորված հակամարտությունների գոտիներ՝ ցանկացած պահի, ինչպես նաև ցանկացած հնարավոր և անվտանգ միջոցների օգտագործմամբ»: Այնուամենայնիվ, մինչ այժմ որևէ առաջընթաց չկա այդ ուղղությամբ: Դժվար չէ կռահել պատճառները…

Ինչո՞ւ են ԵԽ անդամ որոշ երկրներ դեմ արտահայտվում ավելի մեծ թափանցիկությանը, երբ խոսքը վերաբերում է դե ֆակտո պետություններին…

Նրանց վախերից մեկը դե ֆակտո պետությունների իշխանությունների լեգիտիմացման ռիսկն է: Բայց, օրինակ, 2240 բանաձևում հստակ ասվում է, որ այդ տարածքներ այցելությունները և իշխանությունների հետ շփումները չեն հանդիսանում և չպետք է ներկայացվեն որպես այդ իշխանությունների լեգիտիմության ճանաչում՝ միջազգային իրավունքի հիման վրա: Ներգրավում առանց ճանաչման մոտեցումը լայնորեն և հաջողությամբ օգտագործվում է միջազգային հանրության կողմից, օրինակ, Պաղեստինի և ինչ-որ չափով Կոսովոյի հետ հարաբերություններում: Այնպես որ, այդ վախն այնքան էլ հիմնավորված չէ:

Բայց, կարծում եմ, ավելի կարևոր պատճառն այն է, որ նրանք ձգտում են պահպանել դե ֆակտո պետությունների առավելագույն մեկուսացումը՝ կանխելու միջազգային շփումները, խոչընդոտելու նրանց ժողովրդավարական, սոցիալական և տնտեսական զարգացումը, ինչպես նաև թաքցնել իրենց իսկ կողմից իրականացվող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները և սահմանափակումները:

Ի՞նչը կարող է գործընթացն առաջ մղել…

Կանոնադրային առումով, Եվրոպայի խորհուրդն ունի մանդատ և իշխանություն անդամ պետությունների վրա իրական քաղաքական և դիվանագիտական ​​ճնշում գործադրելու համար՝ միտված իրենց պարտավորությունները հարգելուն և լիովին համագործակցելուն, որպեսզի հակամարտության գոտիներ լիարժեք, ազատ և անսահմանափակ մուտքն ապահովված լինի: Բայց, շատ դեպքերում, երբ գործելու ժամանակն է գալիս, շատ անդամ պետություններ հրաժարվում են աջակցել այդ պարտավորությունների կատարմանը:

Օրինակ ՝ Մարդու իրավունքների հանձնակատարի Լեռնային Ղարաբաղ այցի միակ խոչընդոտը Ադրբեջանի ընդդիմանալն է այդպիսի այցերին: Կարևոր է շեշտել, որ չկարգավորված հակամարտությունների տարածքներ ֆիզիկական հասանելիություն ապահովելու առումով դե ֆակտո պետության իշխանությունների քաղաքական կամքն ու համաձայնությունը ավելի էական դեր ունեն, քան անդամ պետություններինը: Այդ իմաստով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են լիարժեքորեն համագործակցել բոլոր համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, ներառյալ մարդու իրավունքների մշտադիտարկման դրանց մեխանիզմները: Միգուցե ժամանակն է, որ մարդու իրավունքների պաշտպանության անկախ հաստատություններն առաջնահերթություն տան մարդու իրավունքների պաշտպանությանը՝ դիվանագիտական և քաղաքական նպատակահարմարության փոխարեն:

Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը դե ֆակտո պետություններում…

Կարծում եմ, որ միջազգային հանրությունը ոչ միայն պետք է մշտադիտարկի մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը դե ֆակտո պետություններում, այլև նպաստի դրա շարունակական բարելավմանը: Առանց աջակցության միայն մշտադիտարկում իրականացնելը նման է առանց շարունակական դասավանդման դպրոցական քննություն վերցնելուն, որը չի կարող ապահովել արդյունավետություն:

Մշտադիտարկման և աջակցության գործընթացը ես կբաժանեի երեք հարթության ՝ տեղական, տարածաշրջանային և միջազգային:

Տեղական հարթությունում նրանք պետք է մշտադիտարկեն մարդու իրավունքների հնարավոր այն խախտումները, որոնք ենթադրաբար կատարվել են իշխանությունների կողմից, ինչպես նաև ինստիտուտների և մեխանիզմների համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Ընդհանուր առմամբ, դա տեղավորվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում: Արցախի դեպքում, մենք հիմնել ենք ժողովրդավարական ինստիտուտներ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, պարբերաբար անցկացնում ենք ընտրություններ, ունենք իշխանության ճյուղերի տարանջատում և այլն: Այնուամենայնիվ, մենք կարիք ունենք ապահովելու ինստիտուտների և մեխանիզմների հետագա և ավելի արագ զարգացումը, ինչպես նաև պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունների կայուն բարելավումը: Որոշ իրավունքների ոլորտներում մեզ անհրաժեշտ են նոր բարեփոխումներ՝ սոցիալ-տնտեսական իրավունքներ, խոշտանգումների կանխարգելում, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և այլ խմբերի իրավունքներ: Կարևոր է նշել, որ մենք գիտակցում ենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ և ունենք կամք այդ ուղղությամբ աշխատելու համար: Մարդու իրավունքների մշտադիտարկման միջազգային մարմինները և հասարակական կազմակերպությունները կարող են իրենց ներդրումը ունենալ այդ առումով՝ գործունեություն ծավալելով Լեռնային Ղարաբաղում:

Տարածաշրջանային հարթությունում նրանք պետք է վերահսկեն մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը՝ չկարգավորված հակամարտությունների համատեքստում, որտեղ մարդու իրավունքների հիմնական ոտնահարողը ԵԽ անդամ որոշ պետություններն են: Մեր դեպքում իրավիճակը, թերևս, ամենավատն է, քանի որ Ադրբեջանը մարդու իրավունքների խախտման առաջամարտիկ է թե՛ ներքին, և թե՛ արտաքին հարթակներում: Դժբախտաբար, միջազգային հանրությունը ճնշում է գործադրում և պատժամիջոցներ է կիրառում Ադրբեջանի նկատմամբ ներքին իրավախախտումների հիմքով, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ կատարված խախտումների համար: Նման խախտումների միայն մի քանի օրինակ ներկայացնեմ.

Նախ, տասնամյակներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները վարում են հայատյացության պետական քաղաքականություն, որը ներառում է հայերին ատելու և սպանելու խրախուսում, դպրոցներում և մանկապարտեզներում հայերի նկատմամբ ատելության սերմանում և, իհարկե, իրենց բոլոր անհաջողությունների համար հայերին մեղադրում: Տխրահռչակ օրինակ է Սաֆարովի դեպքը, երբ ադրբեջանցի սպան կացնահարել է քնած հայ սպային Բուդապեշտի հյուրանոցներից մեկում: Նա մեծապես հերոսացվել է Ադրբեջանում. նախագահ Ալիևը նրան պարգևատրել է, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ Սաֆարովը վառ օրինակ է ադրբեջանցի երիտասարդների համար: Հայատյացության քաղաքականության մանրամասները ներկայացված են Ադրբեջանում հայատյացության մասին 2018թ-ի մեր զեկույցում:

Երկրորդ ՝ Ադրբեջանը միշտ օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն ընդդեմ Ղարաբաղի և Հայաստանի ՝ սպառնալով պատերազմ սկսել, ինչը մեր կյանքի նկատմամբ իրական սպառնալիք է և պատերազմի արգելքի մասին միջազգային իրավունքի նորմերի խախտում: Ավելին, 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ ՝ ներգրավելով տասնյակ հազարավոր զորք և հատուկ նշանակության ուժեր, ծանր հրետանային և հրթիռային համակարգեր, ինչպես նաև այնպիսի զինատեսակներ, որոնց կիրառումն արգելված է միջազգային պայմանագրերով: Գրեթե բոլոր հայ քաղաքացիական անձինք և զինվորականները, որոնք հայտնվել էին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, խոշտանգվել, գլխատվել կամ խեղվել են: Նրանցից 3-ը գլխատվել են իսլամական պետության ահաբեկիչների ոճով: 3 քաղաքացիական անձ սպանվել և խեղվել է, այդ թվում ՝ 92-ամյա կին: Արցախյան դպրոցներից մեկի հրետակոծման հետևանքով մեկ երեխա է սպանվել, ևս երկուսը վիրավորվել են: Հարյուրավոր անձինք ունեցել են լուրջ նյութական վնասներ՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով, իսկ հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները: Համոզվելու համար, որ այդ ամենը կազմակերպվել և խրախուսվել է պետության կողմից, պետք է հաշվի առնել, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հրապարակայնորեն պարգևատրել է այդ հանցագործությունները կատարողներից ոմանց, այդ թվում՝ այն զինվորականին, ով գլխատել էր երկու հայ զինծառայողների: Հարկ է նկատի ունենալ, որ չնայած միջազգային լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են այդ բոլոր իրադարձությունները, ոչ մի միջազգային դիտորդական մարմին չի եկել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու համար: Այս սարսափելի և բարբարոսական ոճրագործությունները կատարվել են Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանի կողմից ընդդեմ Լեռնային Ղարաբաղի բնակչության, որն իրավունք ունի օգտվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տրամադրած պաշտպանության միջոցներից:

Երրորդ, Արցախի բնակիչների տարբեր իրավունքներ շարունակաբար ոտնահարվում են Ադրբեջանի կողմից: Օրինակ, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ նրանք կխոցեն քաղաքացիական ինքնաթիռները, եթե մենք շահագործենք Ստեփանակերտի օդանավակայանը: Բացի այդ, Ադրբեջանը սև ցուցակում է ընդգրկում Ղարաբաղ այցելած բոլոր օտարերկրացիների անունները: Որոշ դեպքերում պաշտոնական Բաքուն նույնիսկ փորձել է քրեական հետապնդում իրականացնել ոմանց հանդեպ, բայց Ինտերփոլը չի ընդունել Ադրբեջանի դիմումները: Նրանք քրեական գործեր են հարուցել անգամ Եվրախորհրդարանի 3 անդամների նկատմամբ, բայց դա միայն քարոզչական քայլ էր, ոչ մի լուրջ իրավական հիմք և հետևանքներ: Ադրբեջանը նաև քաղաքական և դիվանագիտական ճնշումներ է գործադրում Ղարաբաղում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող միջազգային ներդրողների կամ ընկերությունների նկատմամբ, Ղարաբաղում աշխատող ցանկացած կազմակերպության, Ղարաբաղում հետազոտություններ իրականացնող գիտնականների նկատմամբ և այլն: Բոլոր այդ դեպքերում, կարծում եմ, Արցախի բնակիչների տարբեր իրավունքներ ոտնահարվում կամ սահմանափակվում են:

Միջազգային հարթությունում միջազգային հանրության կողմից խախտվում կամ սահմանափակվում են դե ֆակտո պետությունների բնակիչների իրավունքները: Ընդհանուր առմամբ, այդ խախտումների ամենամեծ դրսևորումը դե ֆակտո պետությունների մեկուսացումն է միջազգային ծրագրերից և մարդու իրավունքների պաշտպանության համակարգերից: Արդյունքում, այդ պետությունների բնակիչներն առերեսվում են խնդիրների մուտքի արտոնագրերի ստացման, քաղաքացիական ակտերի գրանցման ու կրթական փաստաթղթերի ճանաչման և մի շարք այլ հարցերում: Այս խնդիրներն ազդում են արտերկրում բնակվող անձանց լայն շրջանակի իրավունքների պատշաճ իրացման վրա, որը ներառում է կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, տնտեսական զարգացման, հաղորդակցության, ազատ տեղաշարժի և այլ իրավունքներ:

Թեև արցախյան օրինակը եզակի է, բայց այլ դե ֆակտո պետություններ այդ իմաստով մեզ հետ նմանություններ ունեն:

Արդյո՞ք մեկուսացումը նշանակում է կյանքի վերջը դե ֆակտո պետություններում…

Միջազգային ճանաչման բացակայությունը պետք է նվազագույն ազդեցություն ունենա մարդու իրավունքների պաշտպանության վրա, հակառակ դեպքում միջազգային կազմակերպությունները չեն կարող ունենալ բացարձակ իրավունք խոսելու մարդու իրավունքների և դրա համընդհանրության սկզբունքի մասին:

Մեկուսացումը նշանակում է միայն ավելի մեծ պայքար, ավելի շատ ջանք և ավելի շատ պատճառներ մարդու իրավունքներն արժեվորելու համար՝ հենվելով սեփական ներուժի վրա: Անշուշտ, կյանքը դե ֆակտո պետություններում շարունակվում և զարգանում է, նույնիսկ եթե դրանք ընկալվում են որպես «գորշ գոտիներ» այն օտարերկրացիների համար, ովքեր չեն ցանկանում այցելել այնտեղ:

Այնուամենայնիվ, անկախ մեկուսացումից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատասխանատվություն է ստանձնել մասնակցել միջազգային կյանքին և կիրառել միջազգային չափանիշները ՝ ավելի ամուր ժողովրդավարություն զարգացնելու, մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման համար: Ղարաբաղը միակողմանիորեն միացել և իր իրավական համակարգում ներառել է մարդու իրավունքների պաշտպանության մի շարք միջազգային պայմանագրեր, ներառյալ՝

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը,

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան,

Ժնևյան կոնվենցիաները և մի շարք այլ պայմանագրեր:

Ի հավելումն, վերջերս ես պաշտոնապես դիմել եմ Արցախի կառավարությանն ու Ազգային ժողովին՝ քննարկելու Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիային միանալու հնարավորությունը, ինչը կբարձրացնի խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների արդյունավետությունը:

Ավելին, մեր հանրապետությունը պատասխանատվություն է զգում միջազգային հանրության առջև և վերջերս ՄԱԿ-ին է ներկայացրել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրագործման վերաբերյալ իր սկզբնական կամավոր պարբերական զեկույցը: Լեռնային Ղարաբաղը նաև մշակել է իր ազգային ակնարկը 2030-ի կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Դա նշանակում է, որ մենք բաց ենք համագործակցության և մշտադիտարկման միջազգային մեխանիզմների համար:

Ամփոփելով՝ հավելեմ, որ ցանկացած երկիր ուսումնասիրելու լավագույն միջոցն այնտեղ այցելելն է: Այսպիսով, ես բոլորիդ հրավիրում եմ այցելել Ղարաբաղ՝ ձեր սեփական աչքերով տեսնելու մեր ունեցած կյանքը, մարտահրավերներն ու հաջողությունները, գիտակցելու, որ բոլոր մարդիկ պետք է իսկապես հավասար լինեն, բոլոր մարդիկ արժանի են մարդու իրավունքների պաշտպանության ու խաղաղության ամենուր, անկախ այն բանից, թե որտեղ են բնակվում՝ Ստրասբուրգում, թե՝ Արցախում»: