Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ սենատոր Ֆրանկ Փալոնեին

Սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնեին: Այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Նորին Սրբությունը, ողջունելով պրն Ֆրանկ Փալոնեի հերթական այցը Մայր Աթոռ, գնահատանքով անդրադարձ կատարեց հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում վերջինիս ներդրած հետևողական ջանքերին և Հայաստանի կողմից հաղթահարվող դժվարությունների նկատմամբ ցուցաբերած ուշադրությանը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահը խոսեցին Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և քրիստոնեական համայնքների նվազման խնդրի մասին, ինչպես նաև անդրադարձան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին և Եկեղեցի-պետություն հարաբերություններին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց սենատորին: