Հասան Ռոհանին նշել է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների պայմանները. Թեկուզ մեկ ժամից, բայց․․․

Թեհրանը պատրաստ է «թեկուզ մեկ ժամից» միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունների սեղանի շուրջ նստել «5+1» ձևաչափով, որտեղ կլինի ԱՄՆ-ը, բայց Վաշինգտոնը նախ պետք է վերացնի պատժամիջոցները: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մենք քանիցս մերժել ենք (ԱՄՆ-ի և Իրանի նախագահների միջև) բանակցությունները: Եթե բանակցությունները կայանան, ապա կլինեն «5+1» ձևաչափով»,- ասել է Ռոհանին, որի ելույթը Նյու Յորքից ժամանելուց հետո հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը:

«Մենք բացահայտ ասել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ վարել, բայց ոչ պատժամիջոցների ու ճնշումների պայմաններում: Ինձ հարցրին, թե երբ ենք պատրաստ դա անել, ես պատասխանեցի՝ թեկուզ մեկ ժամ հետո մասնակցեմ «5+1» խմբի նիստին, բայց սկզբում դուք ճիշտ մթնոլորտ ստեղծեք»,- հավելել է Իրանի նախագահը: