Իրանը հայտարարել է ոչ թե երկկողմ, այլ եռակողմ զորավարժությունների մասին

2019-ի սեպտեմբերի վերջին Հայաստանը, ինչպես և ամբողջ աշխարհը, ստացավ ժամանակակից աշխարհաքաղաքականության կարևորագույն հարցի պատասխանը: Մենք չենք պատրաստվում համեստություն անել. այս պատասխանը շատ վաղուց էր հասունանում, և մենք ավելի վաղ առիթ ենք ունեցել  քանիցս անդրադառնալու, որ ձևավորվում են համաշխարհային քաղաքականության նորագույն բևեռներ:

Օգոստոսին LIVEnews.am-ը հաղորդել է, որ հստակ որոշում է կայացվել Պարսից և Օմանի ծոցերում Իրանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու մասին: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի վերջին՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հոսեյն Հանզադիի Մոսկվա կատարած այցի ընթացքում: Սեպտեմբերի 2-ին Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնապես հաստատեց այս տեղեկատվությունը. «Մենք Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններ ենք անցկացնելու Հնդկական օվկիանոսում: Միգուցե այլ երկրներ նույնպես շահագրգռված կլինեն միանալ այս զորավարժություններին»: Ինչպես տեսնում ենք, պարոն Զարիֆը ընդլայնեց ապագա իրանա-ռուսական ռազմածովային զորավարժությունների շրջանակը: Ահա տեղեկություններ, որոնք ապշեցրել են ԱՄՆ-ին, Եվրոպային և Իսրայելին: Ինչպես և կանխատեսել էր Իրանի ԱԳՆ ղեկավարը, կա երկիր, որ միանում է իրանա-ռուսական ռազմածովային զորավարժություններին:

Այս մասին աշխարհին հայտնել է իրանական «Fars News» գործակալությունը: Իրանը մտադիր է Հնդկական օվկիանոսում անցկացնել համատեղ ռազմածովային զորավարժություններ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ, հայտնել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի միջազգային վարչության պետ Մոհամադ Շալթուկին: «Իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ, մենք ռազմածովային զորավարժություններ կանցկացնենք երկու տերությունների` Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ: Զորավարժությունները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի հյուսիսում և Օմանի ծոցում»,- մեջբերում է զինվորականի խոսքը «Fars News» գործակալությունը: Ընդ որում նա նշեց, որ այդ տարածքները միջազգային ջրեր են և շեշտեց. «Զորաշարժերը հետապնդելու են մի շարք նպատակներ, ներառյալ ռազմական և մարտավարական փորձի փոխանակումը»: Բայց միևնույն ժամանակ, պարոն Շալթուկին չի հրապարակել զորավարժությունների մասին մանրամասներ: Հատկանշական նրբերանգ. այս հայտարարությունն արվել է այն օրը, երբ Թեհրանում բացվեց անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) «ռազմավարական» ցուցահանդեսը: Բացման արարողությանը մասնակցում էին Իրանի ԻՀՊԿ հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին և Կորպուսի բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ցուցանմուշների թվում են ամերիկյան Desert Hawk I / III UAVs, RQ-11A Raven, RQ-7 A Shadow 200, RQ-4 Sentinel, Scan Eagle, Aerosonde, MQ-18 Predator A ԱԹՍ-րը, բրիտանական Phoenix և իսրայելական Hermes 200-ը: Ծրագրի «մեխ» հանդիսացավ, անշուշտ, Պարսից ծոցում՝ Իրանի հարավում հունիսի 20-ին խոցված ամերիկյան RQ-4 Global Hawk մոդիֆիկացիայի ԱԹՍ-ը:

Նկարագրվածը պարզ ցույց է տալիս, որ մոլորակն արդեն «հեռացել է» միաբևեռ աշխարհից, որտեղ գերակշռում էին ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն: Աշխարհը տեսնում է Եվրասիայի Միացյալ ՌԾՈՒ նախատիպը՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ռազմական նավերի և նավաստիների: Հայտը ծայրաստիճան պարզ է`առաջնորդություն և գերիշխանություն Հնդկական օվկիանոսում, ինչը կտարածվի դեպի Մերձավոր Արևելք, Կովկաս, Կենտրոնական Ասիա և այլն: Աստված տա, որ Հայաստանի իշխանությունները սկսեն հաշվի առնել աշխարհաքաղաքական հեռանկարային իրողությունները, չէ՞ որ (աշխարհագրորեն) մենք նույնպես Եվրասիա ենք, և ոչ թե Եվրոպա: Եվ վաղը կամ մյուս օրը Հայաստանն ու մնացած երկրները պետք է բացահայտորեն տեսնեն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի «ուժայիններին» համագործակցության և փոխգործակցության մեջ: Ի դեպ, ԱՄՆ-ն արդեն ամեն ինչ հասկացել է և հասցրել է անհանգստանալ: Նույն օրը, երբ Իրանը հայտարարեց եռակողմ ռազմածովային զորավարժությունների մասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ 2019 թվականի նոյեմբերին կանցկացվեն Միացյալ Նահանգների և Հնդկաստանի առաջին համատեղ զորավարժությունները պատմության մեջ: Ինչպես հայտնում է ANI գործակալությունը, ԱՄՆ նախագահը շեշտել է, որ «Վագրի տրիումֆ» անվամբ զորավարժություններում մասնակից երկրները «ռազմական ոլորտում համագործակցության մեջ տպավորիչ առաջընթաց ցույց կտան»:

Հատկանշական է, որ մեկ տարի առաջ՝ 2018-ի վերջին, Հնդկական օվկիանոսում անց են կացվել «Ինդրա-2018» համատեղ ռուս-հնդկական զորավարժությունները: Նույն ժամանակահատվածում ստորագրվել է Հնդկաստանին Ս-400 ԶՀՀ մատակարարման պայմանագիր, որը Ռուսաստանը պետք է ավարտի մինչև 2023 թվականը: Հայաստանը, իհարկե, ռազմածովային նավատորմ չունի, բայց պետք է հետաքրքրվածություն ունենա՝ հասկանալու Հնդկական օվկիանոսում իրադարձությունների հետագա զարգացման տրամաբանությունը…

Սերգեյ Շաքարյանց