Սպիտակ տունը սխալմամբ դեմոկրատներին է ուղարկել Թրամփ- Զելենսկի հեռախոսազրույցի սղագրությանն արձագանքելու «մեթոդաբանությունը»

Սպիտակ տունն էլեկտրոնային փոստի միջոցով պատահաբար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սկանդալային հեռախոսազրույցի սղագրությանն արձագանքելու «մեթոդաբանությամբ» ծառայողական փաստաթուղթն ուղարկել է Դեմոկրատների գրասենյակին, Tert.am-ի տեղեկացմամբ,  գրում է The Guardian-ը:

«Սկանդալային հեռախոսազրույցի սղագրության հրապարակումից կարճ ժամանակ անց, որում Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի վրա՝ Ջո Բայդենի գործը հետաքննելու նպատակով, վարչակազմը պատահաբար դեմոկրատներին է ուղարկել իր թեզիսները՝ ինչպես խոսել սկանդալի մասին»,- գրում է աղբյուրը:

Մասնավորապես, փաստաթղթում տեղ գտած թեզիսները Թրամփի քաղաքական դաշնակիցներին հորդորում են պնդել, որ զրույցի ընթացքում «ուղիղ խոսք» չի եղել Բայդենի գործը հետաքննելու վերաբերյալ:

Ավելի ուշ Սպիտակ տունը փորձել է «հետ կանչել» էլեկտրոնային նամակը, սակայն չափազանց ուշ է եղել, և կատարվածից կարճ ժամանակ անց դրանց սքրինշոթները տարածվել են ամբողջ համացանցում:

Նամակին արձագանքել է նաև սենատոր Բեռնի Սանդերսը. «Չգիտես ինչու, նրանք մոռացել են նշել, որ պարոն Թրամփն ասել է՝ ես կցանկանայի, որ դուք մեզ մի ծառայություն մատուցեք», երբ Զելենսկին խոսակցություն է բացել ռազմական օգնության մասին»:

Հիշեցնենք, որ սկանդալային հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսին: