Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար․ ՀՀ վարչապետ

Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, որը արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ և ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման և կատաղի դիմադրության։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ելույթում։

«Ցավոք, մեր մոլորակը բոլորիս համար ավելի ապահով վայր չդարձավ այս տարի: Դժվար է գտնել աշխարհի որևէ տարածաշրջան, որն ինքնին ապակայունացված չէ կամ չի տուժել հարևան տարածաշրջանի լարվածության հետևանքով: Հայաստանի 4 սահմաններից 2-ը, այդ թվում` Թուրքիայի հետ սահմանը, փակ է արդեն շուրջ 3 տասնամյակ: Հրաժարվելով Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, Ադրբեջանին աջակցելով ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի՝ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման և կատաղի դիմադրության,- ասել է ՀՀ վարչապետը»: