ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով-Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի-Ֆրանսիա եւ Էնդրյու Շոֆեր-ԱՄՆ) առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին նշված է ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հայտարարությունում։

Համանախագահներին հանդիպումների ժամանակ միացել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Նրանք հանդիպել են նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի և Միավորված Ազգերի Կազմակերպության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ։

Համանախագահները երկու նախարարներին տեղեկացրել են իրենց գործունեության մասին հունիսին Վաշինգտոնում համատեղ հանդիպումից հետո, ներառյալ վերջին խորհրդակցությունները Փարիզում և Ժնևում՝ հումանիտար հարցերի և ղարաբաղյան հակամարտությունում անվտանգության հարցերի վերաբերյալ։

Համանախագահները նշել են կողմերի ջանքերի դրական արդյունքները ամռանը բռնությունը նվազագույնի հասցնելու հարցում, ներառյալ կապի գոյություն ունեցող ուղղակի խողովակների օգտագործումը, և խոր ափսոսանք են հայտնել մահացու ելքով վերջին միջադեպի առիթով։

Համանախագահները և նախարարները շարունակել են լարվածության թուլացմանը և խաղաղությանն ու առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի պահպանման հավելյալ միջոցների քննարկումը։ Վկայակոչելով մարտի 9-ի իրենց հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են արել նվազագույնի հասցնել հռետորաբանության օգտագործումը, որը խափանում կամ կանխորոշում է բանակցությունների արդյունքները։

Համանախագահները մտադիր են առաջիկայում այցելել տարածաշրջան։