Կառավարության հանցավոր փնթիության հերթական զարհուրանքը

Համացանցում է հայտնվել ԵԱՏՄ «Գաղտնի» դրոշմագրով փաստաթուղթ, որը ոչ թե հաքերային հարձակման կամ փաստաթղթի գողության, այլ կառավարության գործունեության փնթիության, միգուցե նաև ԵԱՏՄ-ի գործունեության ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ուղիղ սաբոտաժի հետևանք է:

Այսպես. 2018թ. հունիսի 28-ին Բրյուսելում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջև «Եվրասիա֊կան տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կող֊մից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն տեղեկությունների փոխանակման իրագործման մասին արձանագրությունը: Այն ստորագրել են`Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Վիետնամը:

Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի կենտրոնական մաքսային մարմինների միջև մաքսային տեղեկությունների փոխանակման տեխնիկական պահանջները, էլեկտրոնային հաղորդակցությունների կառուցվածքը և փոխանակման կանոնները՝ նպատակ ունենալով նպաստելու տեղափոխվող ապրանքների նույնականացմանը, մաքսային հսկողության գործընթացի արագացմանը և արդյունավետության բարձրացմանը, այդ թվում՝ ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, ինչպես նաև օրենսդրության նորմերի խախտումների կանխմանը:

Արձանագրությամբ հստակ սահմանված է, որ տեղեկությունների էլեկտրոնային փոխանակումն իրականացվում է կանոնավոր կերպով՝ Արձանագրության՝ սահմանափակ հասանելիություն ունեցող (կոնֆիդենցիալ) փաստաթուղթ համարվող 1-ին հավելվածով սահմանված տեխնիկական մասնագրերի համաձայն: Եվ, որ կողմերը պարտավոր են ապահովել այդ հավելվածում պարունակվող տեղեկությունների պաշտպանությունը՝ դրա համապատասխան կանոններին և կարգավորումներին համապատասխան: Հիշյալ N 1 հավելվածն ունի «Գաղտնի» դրոշմագիր:

Ինչպես ներպետական օրենսդրություններով, այնպես էլ միջազգային պայմանագրերով, գաղտնիք կազմող (ծառայողական օգտագործման համար) տեղեկությունները պաշտպանվում են պետությունների կողմից, և դրանց տարածումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել, վնաս հասցնել անվտանգությանը՝ առանձին ոլորտներում: Հետևաբար, նման տեղեկությունները չեն կարող հրապարակվել, դրանք չեն կարող հասանելի լինել այն անձանց համար, ովքեր չունեն դրանց ծանոթանալու, օգտագործելու և տարածելու համապատասխան թույլտվություն:

Հայաստանը ձեռնարկել է արձանագրության ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման գործընթաց: Սակայն այդ ընթացքում հրապարակվել է «Գաղտնի» դրոշմագրով N 1 հավելվածը: Մասնավորապես, այն հրապարկված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում՝ որպես 2019 թվականի մայիսի 23-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգի N 35 հարցի նյութ (https://www.e-gov.am/sessions_old/archive/2019/05/23/): Չի բացառվում, որ այն առանց սահմանափակ հասանելիության շրջանառվել է մինչ այդ և դրանից հետո ևս:

Հատկանշական է, որ որ հիշյալ արձանագրությունը ստորագրած մյուս երկրների համար այն արդեն իսկ ուժի մեջ է մտել և, բնականաբար, վերջիններս գործում են հիշյալ արձանագրու֊թյամբ սահմանված այն պահանջով, որ դրա «Գաղտնի» դրոշմագրով N 1 հավելվածը սահմանափակ հասանելիություն ունի: Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այն ողջ մարդկության համար դարձել է հասանելի` դեռևս չստանձնելով միջազգային պարտավորությունները:

Ցավոք, նման դեպքերը մեր երկրի համար անհետևանք չեն մնում, որովհետև միջազգային պարտավորությունների չկատարումը պետության հեղինակության և ռազմաքաղաքական ու տնտեսական անվտանգության հարցերում հղի է լրջագույն վտանգներով:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Կառավարության հանցավոր փնթիության հերթական զարհուրանքըՀամացանցում է հայտնվել ԵԱՏՄ «Գաղտնի» դրոշմագրով փաստաթուղթ, որը…

Опубликовано Mihran Hakobyan Среда, 25 сентября 2019 г.