Բացահայտվել է շուրջ 2 կգ քաշով կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է շուրջ 2 կգ քաշով  կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք: ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, գալով նախնական համաձայնության, ոսկերչությամբ զբաղվող անձանց միջոցով պատրաստել են ոսկեպատ արծաթե համաձուլվածքներ՝ ոսկու ձուլակտորների նմանողությամբ, և նախաձեռնել դրանց իրացումը:

Մասնավորապես՝ 2019թ. սեպտեմբերի 8-ին նշված կեղծ ձուլակտորներից շուրջ 0,5 կգ-ը խաբեությամբ վաճառել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն՝ վերջինիցս ստանալով 9 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այնուհետև, սեպտեմբերի 23-ին, նշված անձինք փորձել են նույն քաղաքացուն իրացնել ևս 1,5 կգ կեղծ ոսկու  ձուլակտորներ՝ 27 000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, սակայն գործարքն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո առերևույթ հանցագործություն կատարած անձինք բռնվել և բերման են ենթարկվել:

Բացի դրանից, ըստ հավաստի օպերատիվ  տվյալների, վերջիններս կեղծ ոսկու ձուլակտորներ են գրավադրել  նաև հայաստանյան բանկերից մեկում՝ դրա դիմաց ստանալով գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցված  քրեական  գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: Երկու  անձ ձերբակալվել է, երրորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: