Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները ռեզոնանս են առաջացրել

Արևմտյան աշխարհն ու Ուկրաինայի նեո-բանդերական շրջանակները խիստ հուզված են: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ուկրաինացի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հանդիպումը նշանակված է սեպտեմբերի 25-ին: Համաշխարհային հանրության հիմնական մասը դժվար թե իմանա, թե կոնկրետ ինչ են քննարկելու Թրամփն ու Զելենսկին: Բայց խուճապը Վաշինգտոնի և Կիևի մի շարք օղակներում առաջացավ այն պատճառով, որ ամերիկյան ազդեցիկ «Վաշինգտոն փոստ» թերթը, վկայակոչելով Սպիտակ տան նախկին բարձրաստիճան պաշտոնյային, հաղորդել է, որ Թրամփը ամերիկյան կողմի գործողություններն Ուկրաինայում համարում է «անիմաստ» և այնպիսիք, որոնք «զայրացնում են Ռուսաստանը»: Ըստ թերթի տեղեկության՝ ԱՄՆ նախագահը գերադասում է Ռուսաստանի հետ մերձեցումը և կարծում, որ Վաշինգտոնին իրականում չպետք է հետաքրքրեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Ըստ նախնական տվյալների, Թրամփի՝ Զելենսկու հետ հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են քննարկել ուկրաինական բարեփոխումների գործընթացները, ինչպես նաև… Ուկրաինայի տնտեսական հատվածում Չինաստանի ակտիվությունը, որը անհանգստացնում է Վաշինգտոնին: Շեշտում եմ. եթե այդ տվյալները հուսալի են, ապա, Թրամփին առանձնապես չեն անհանգստացնում ո՜չ Ղրիմը, ո՜չ Նովոռոսիան և այլն:

Մոսկվայում ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովն (հայտարարություններում հաճախ Կրեմլի տրամադրությունն արտացոլող) արդեն գովաբանել է Թրամփին իր խոհեմության համար: «Մի՞թե դա այդպես չէ: Ի՞նչ է տալիս Ամերիկայի ժողովրդին  հեռավոր երկրի հետ կույր խաղերը: Ներդրված դոլարը ի՞նչ շահույթ է տալիս»,- հարցրել է սենատորը թվիթերյան իր էջում: Իսկ ամերիկյան «Fox News» աղբյուրը «Վաշինգտոն փոստ»-ից ստացված այս տեղեկությանն ավելացրել է. «Այն հարցին, թե ինչու է հետաձգել Ուկրաինային ռազմական օգնությունը, Թրամփը պատասխանեց, որ սա ոչ մի կապ չունի Բայդենների ընտանիքի հետ», և համապատասխան կառույցներին հանձնարարեց «զբաղվել» ԱՄՆ նախկին փոխնախագահի և 2020 թվականի ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի և իր որդու բիզնեսով՝ Նովոռոսիայի օկուպացված մասում։ Հիշեցնեմ`Կրամատորսկը և Սլավյանսկը այն  քաղաքներն են, որտեղ Բայդենները, օգտագործելով կոռուպցիոն բաղադրիչը, ծավալել են (կեղծ ընկերությունների և անձերի միջոցով) թերթաքարային գազի հետազոտում… Ամերիկյան լրատվամիջոցները նաև հաղորդել էին, թե Թրամփը շտապ հաղորդագրություն է ուղարկել Ուկրաինայի նախկին օլիգարխ-նախագահ Պետրո Պորոշենկոյին, որից հետո Պորոշենկոն կտրուկ փոխել է հռետորաբանությունը․ նա հրաժարվեց Զելենսկու դեմ «մայդան» նախապատրաստելու իր մտադրությունից։ Ամեն ինչ կարծես թե ջրի երեսին է, առավելևս, որ օրերս Էստոնիան հայտարարել էր, թե՝ «Եվրոպան հոգնել է Ուկրաինայից»: Բայց Կիևի փորձագետ Կոնստանտին Բլոխինի տեսակետը ոչ պակաս հետաքրքիր և իրատեսկան է թվում. Թրամփին ամեն գնով անհրաժեշտ է Մոսկվայի հետ մերձեցումը, որպեսզի «կոտրի ՌԴ և Չինաստանի դաշնակցությունը», քանի որ «Թրամփը հասկանում է, որ Ռուսաստանը կարող է օգնել նրան Չինաստանի հետ դիմակայության հարցում»:

Շատ բան պարզ կդառնա սեպտեմբերի 25-ից հետո: Առայժմ, հարկ է նշել, որ Պորոշենկոյից հետո Թրամփի հայտարարությունների պատճառով շատ էր անհանգստացել ինքը՝ Ջո Բայդենը, ինչը հասկանալի է. կոռուպցիայի և Նովոռոսիայում պատերազմի հրահրման մեջ մեղադրանքները մեծապես կվնասեն նախագահի այս թեկնածուին: Ավագ Բայդենը նույնիսկ պահանջել է «լուծել Թրամփի հայտարարությունների խնդիրը»՝ ԱՄՆ գործող նախագահին մեղադրելով «իշխանությունների անհամաչափ չարաշահման մեջ»: Այս ամենը նշանակում է, որ, առնվազն քաղաքական «պայթյուններ» են սպասվում ինչպես Ուկրաինայի, այնպես էլ ԱՄՆ-ի ներսում, ինչն օբյեկտիվորեն կհանգեցնի Դոնբասում և Նովոռոսսիայում իրավիճակի կտրուկ փոփոխությունների: Այնուամենայնիվ հնարավոր են տեսանելի փոփոխություններ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում, չնայած Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առճակատմանը, օրինակ, Սիրիան շատ ավելի կարևոր կետ է, քան ամբողջ Ուկրաինան:

Սերգեյ Շաքարյանց