Հակառակորդի դիվերսիան տարօրինակ էր թե՛ գործողության ժամով, թե՛ անձնակազմի թվաքանակով. Դավիթ Տոնոյան

«Չեմ կարող ասել՝ ինչու է հենց այս փուլում տեղի ունեցել հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Թե՛ գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե՛ ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ, շատ տարօրինակ բան է կատարվել, գուցեև մոլորվել են»,- նշեց նախարարը:

Տոնոյանը նաև նշեց, որ հայկական կողմը հումանիտար պարտքը կատարել է, պաշտպանական բանակը իրականացրել է այն, ինչ պետք է իրականացներ: «Երեկ երեկոյան դիակը փոխանցվել է ադրբեջանական կողմին»,- փոխանցեց նախարարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը. ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: