ՀԿԵ-ի դեմ չհիմնավորված ճնշումները կազդե՞ն գազի գնի վրա․ ի՞նչ է ակնարկում Ռուսաստանը

Օրերս լրատվադաշտում տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր ընկերություն «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Տեղեկության սկզբնաղբյուրը ռուսաստանյան RTVI լրատվական կայքն էր, որն էլ հղում էր կատարել «Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունների ընթացքին քաջատեղյակ աղբյուրին»։ Կայքը նշել էր, որ նման որոշման պատճառը Հայաստանում գործող ռուսաստանյան ընկերության դուստր ձեռնարկության դեմ հարուցած քրեական գործերն են, որոնց հանգուցալուծումը տևական ժամանակ է՝ առկախված է։ Անանուն աղբյուրը հայտնել է, որ ընկերությունում դժգոհ են, որ իրենց դուստր կազմակերպության նկատմամբ 7 քրեական գործ են հարուցել Հայաստանում, առգրավել են բոլոր արխիվային նյութերը, ինչը դժվարացնում է երկաթուղային ընկերության բնականոն գործունեությունը։

Ավելի ուշ RTVI-ին տված հարցազրույցում Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևն ասել էր`Հայաստանը մի իրավիճակ է ստեղծել, որի դեպքում ՀԿԵ-ն չի կարող նորմալ աշխատել. «10 տարիների բոլոր փաստաթղթերն առգրավվել են, չհաստատված մեղադրանքներ են ներկայացվել, և ոչ մի երաշխիք չի տրվել։ Անտեսվում են մեր այն փաստարկները, որ ավելի վաղ իրականացված ստուգումներից հետո խախտումներ չեն բացահայտվել, և կոնցեսիոն պայմանագրի պայմանները կատարվում են»,- ասել էր Տոկարևը։

Նշենք, որ ընկերության նկատմամբ գործերից մեկը հարուցվել է նախորդ տարի՝ 2018թ․։ Մեկ տարի առաջ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, թե քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքով։ Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ կառավարության 2008-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվել էր «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը 30 տարով փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագիր։ Պայմանագրով շուրջ 849 մլն  դրամով Կոնցեսիոների սեփականությանն է փոխանցվել 2447 միավոր շարժակազմը՝ պայմանագրի ավարտի պահին Կոնցեդետի կողմից հետգնման նախապատվության պայմանով:

Համաձայն կոնցեսիոն պայմանագրի՝ ՀԿԵ ՓԲԸ-ն պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքի և շարժակազմի բարելավման համար՝ պայմանագրով սահմանված կարգով և չափերով՝ 122,3 մլրդ դրամ ենթակառուցվածքի և 52,2 մլրդ դրամ շարժակազմի բարելավման համար (ընդհանուրը 174,5 մլրդ դրամ՝ համարժեք 575 մլն ԱՄՆ դոլարին, որը ներկայիս փոխարժեքով կազմում է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլար):

Քրեական գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ կատարելու մասին, որի իրական ծավալները, ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման  արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը և գործի համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է ստուգում՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին հանձնարարելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում իրականացնել ստուգում՝ 2008-2018 թթ. համար իրականացված 110 մլրդ դրամի ներդրումների արդյունավետությունը և իրավաչափությունը պարզելու համար:

Բացի դրանից, բազմակողմանի քննությամբ  փաստական տվյալներ  են ձեռք բերվել՝ առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։

Սակայն այս ստուգումների արդյունքները ռուսական կողմը չի ընդունում: ՀԿԵ-ն պնդում էր, թե Քննչական կոմիտեի տեղեկությունները ճշտված չեն: Ի դեպ, ընկերությունում դեռ նախորդ տարվա օգոստոսին արված ստուգումների անցկացման հիմք էր դարձել այն, որ Հարավկովկասյան երկաթուղին, իբր, չի վճարել 20 հազ. դոլարի չափով ավելացված արժեքի հարկերը, այն պարագայում, որ ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ այդ պահին հարկային հավելավճարների չափը ՀԿԵ-ի կողմից կազմում էր մոտ 1 մլն դոլար, որից էլ պատկան կառույցները կարող էին լրացնել կուտակված պարտքը՝ առանց ընկերության վրա տակառ գլորելու։

Ասել է թե՝ մինչև այս էլ փորձեր արվել են ՀԿԵ-ի նկատմամբ ինչ-ինչ գործեր հարուցել՝ տարբեր մեղադրանքներ ներկայացնելով, սակայն ի վերջո դրանք ամուր հիմքեր չեն ունեցել։ Ուստի զարմանալի չէ, որ քննչական և իրավական մարմինները չեն շտապում հանգուցալուծել ընկերության նկատմամբ ներկայացված նոր մեղադրանքները, քանի որ կարող է պարզվել՝ դրանք էլ կեղծ են ու չհիմնավորված։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ նման մեղադրանքներն իրականում ռուսաստանյան ընկերության վրա ճնշումներ գործադրելու նպատակ են հետապնդում, այլապես ինչպե՞ս բացատրել, որ այդ գործերից որոշներն արդեն մեկ տարի է՝ անարդյունք քննվում են։ Դեռ սեպտեմբերի 13-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի դեմ հարուցված քրեական գործին՝ նշել է, որ օգոստոտոսի 28-ին գրություններ է ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին և ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ տեղեկանալու, թե ինչ ընթացքում է գտնվում քրեական գործը և կա՞ն արդյոք անձինք, ում մեղադրանք է առաջադրվել:

Վերոհիշյալ մարմիններից ստացված պատասխանները պատգամավորը ներկայացրել է առանց մեկնաբանության՝ նշելով, որ ՀԿԵ-ում ՊԵԿ-ի խուզարկությունից անցել է մեկ տարի, իսկ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից՝ 10 ամիս: ՊԵԿ-ից պատգամավորին պատասխանել են, որ քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: ԱԱԾ-ից պատասխանել են, որ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, իսկ ՀՀ քննչական կոմիտեն պատասխանել է, որ հարուցված քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք այս պահին չկան: Ու մինչև քրեական գործը ձեռքից ձեռք է անցնում, մի գերատեսչությունից մյուսի իրավասությանն է փոխանցվում, ՀԿԵ-ում նոր ծրագրերը սառեցվում են, երկաթգծի արդյունավետությունը նվազում է։ Ինչպես մեզ տեղեկացրին լավատեղյակ աղբյուրները՝ առաջիկայում «Հարավկովկասյան երկաթուղին» նախատեսում էր երկու նոր սերնդի շարժակազմ ձեռք բերել Հայաստանի համար, սակայն հաշվի առնելով ընկերության դեմ ձեռնարկվող գործընթացները՝ այդ ծրագիրն անորոշ ժամանակով սառեցվել է, և հեղափոխական Հայաստանի կառավարության «արհեստավարժության» շնորհիվ մեր հանրությունը փաստորեն զրկվեց հին սերնդի ու հնամաշ էլեկտրագնացքների փոխարեն ավելի հարմարավետ ուղևորափոխադրումներից։

Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ է հետապնդում ռուսաստանյան ընկերության նկատմամբ քրեական գործեր հարուցելու ձևով ճնշումներ գործադրելը և նրանց աքցանների մեջ պահելը։ Արդյո՞ք սա զուտ քաղաքական հետապնդում չէ՝ աշխարհաքաղաքական հեռահար նպատակներով։ Օրինակ՝ ռուսական կապիտալը Հայաստանից դուրս մղելու։ Գաղտնիք չէ, որ ներկայիս վարչակազմի ղեկավարը դեռ հեղափոխությունից առաջ հանդես էր գալիս հակառուսական լոզունգներով ու գաղափարներով, և հիմա էլ քաղաքագետները անդրադառնում են Ռուսաստանի հետ Հայաստանի վարած՝ մեղմ ասած ոչ հեռատես քաղաքականությանը, որը որդեգրել են մերօրյա իշխանությունները։ Այս համատեքստում եթե դիտարկենք ՀԿԵ-ի դեմ ներկայացված մեղադրանքները, ապա հասկանալի կլինի, որ դա արվում է ընկերությանը Հայաստանից դուրս անելու նպատակով։ Իսկ այդ դեպքում տնտեսական հեղափոխության մասին շեփորահարող իշխանությունները Հայաստանի տնտեսությունը հետ կմղեն առնվազն 11 տարով, երբ Հայաստանի երկաթուղին շահագործելու առաքելությունն ստանձնեց ռուսաստանյան ընկերությունը՝ գործունեության տարիների ընթացքում հսկայական ներդրումներ անելով և ծանրակշիռ ծրագրեր իրականացնելով երկաթուղու արդիականացման, դրա տնտեսական, սոցիալական դերն ու կշիռը բարձրացնելու ուղղությամբ։

11 տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է բավարարել Հայաստանի բեռնափոխադրումների պահանջարկը, իրականացնել երկրի տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված մի շարք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր՝ չնայած երկրի տրանսպորտային շրջափակմանը: Երկաթուղու մասնաբաժինը Հայաստանի բեռնափոխադրումների կառուցվածքում կազմում է 23%, ինչը բարձր ցուցանիշ է ցանկացած պետության համար: 2019 թվականին ծրագրվում է փոխադրել 2,9 մլն տ բեռ, ինչը 6,5%-ով կգերազանցի 2008 թվականի ցուցանիշը: 2018 թվականին Հարավկովկասյան երկաթուղուն հաջողվել է վերականգնել իր դիրքերը բեռնափոխադրումների շուկայում 2015 թվականի ճգնաժամից հետո: 2019 թվականին բեռնափոխադրումների նախատեսվող աճը ճգնաժամային 2015-ի հետ համեմատ կկազմի 15% կամ 404 հազար տոննա, բեռնման աճը՝ 40,6%, իսկ ուղևորափոխադրումներինը՝ գրեթե 50%:

Նաև այդ ընկերության շնորհիվ մեզանում երկաթուղու դերը աստիճանաբար աճում է․ եթե 2015 թվականին երկաթուղով փոխադրվել է 346,2 հազար ուղևոր, ապա 2019 թվականին նախատեսվում է գերազանցել 418 հազարի շեմը: Միջազգային հաղորդակցությունում աճը շարունակվում է 2008 թվականից, երբ փոխադրվել է 27,5 հազար ուղևոր: 2018-ին ցուցանիշը կազմել էր արդեն 64,1 հազար, իսկ 2019 թվականին ծրագրված ցուցանիշը կազմում է 69,4 հազար ուղևոր:

Ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված Հայաստանի երկաթուղայինների աշխատանքի շնորհիվ  շարժակազմի տեղամասային արագությունը 22 կմ/ժ-ից ավելացել է մինչև 36 կմ/ժ, տեխնիկականը՝ 27 կմ/ժ-ից մինչև 42 կմ/ժ, իսկ գնացքի միջին քաշը կազմել է 1 514 տ՝ 1 101 տ-ի դիմաց: Ես տարիներ շարունակ լուսաբանել եմ ընկերության գործունեությունը և ինքս ականատես եմ եղել այս ձեռքբերումներին՝ երկաթգծով ուղևորություն կատարելով թե նախկինում և թե հիմա։ Չեմ խոսում վերջին տարիներին ձեռք բերված նոր շարժակազմերի մասին, որոնք ավելի հարմարավետ ու քաղաքակիրթ են դարձրել հայաստանցիներիս տեղափոխությունը թե միջպետական ճանապարհներով և թե մինչև հարևան Վրաստան։ Եվ այս առումով թերևս ավելի ճիշտ կլիներ ոչ թե անմեղության կանխավարկածը խախտելով վարկաբեկել ընկերությանը, այլ շնորհակալ լինել դժվարին պայմաններում հայկական երկաթուղին հնարավորինս կենդանացնելու համար։

Ի դեպ, ՀԿԵ-ն Հայաստանի խոշոր գործատուներից մեկն է, որն ապահովում է աշխատատեղեր 3 հազար մարդու համար, սա այն դեպքում, երբ մեր աղբյուրի փոխանցմամբ ընկերության շրջանառությունը թույլ է տալիս միայն 1300 աշխատատեղ պահել: Մինչդեռ ընկերորթյունն իր վրա է վերցրել այդքան մարդու աշխատավարձերով և աշխատանքով ապահովելու բեռը։ Միջին աշխատավարձը ՀԿԵ-ում գերազանցում է հանրապետությունում աշխատավարձի միջին մակարդակը միայն 9%-ով, իսկ 11 տարիների ընթացքում երկաթուղայինների միջին աշխատավարձն ավելացել է 95%-ով և 29,2%-ով գերազանցում է միջին ցուցանիշը:

Երկաթուղին նաև ակտիվ սոցիալական և բարեգործական քաղաքականություն է վարում՝ այդ նպատակներին ուղղելով 339 մլն դրամ: Բարեգործական նախագծերի թվում են մասնակցությունը տարբեր բարեգործական հիմնադրամներում, օժանդակությունը վետերան-երկաթուղայիններին, Սանահինի մանկապարտեզի և Ֆիոլետովո գյուղի դպրոցի վերանորոգումը և աջակցությունը և այլն:

Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չի մեկնաբանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման մասին տեղեկությունը:
Մինչդեռ պայմանագրի խզումը Հայաստանին, ինչպես նշեցինք, տնտեսական ու սոցիալական լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու: Արդեն նշեցինք, որ կոնցեսիոն պայմանագրով դեռ 2008 թ. ռուսական ընկերությունը ձեռք է բերել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի ամբողջ շարժակազմը՝ ավելի քան 2000 բեռնատարներով, 58 ուղևորատար վագոններով, 85 լոկոմոտիվով և 30 էլեկտրագնացքով: Եվ եթե ռուսական ընկերությունը խզի պայմանագիրը և դուրս գա հայկական շուկայից, ապա իր հետ կտանի այդ ողջ շարժակազմը, ինչպես նաև իրենց ձեռքբերածները։ Իսկ նոր շարժակազմի համար մեծ ներդրումներ են հարկավոր, ինչի հնարավորությունը մեր երկրի բյուջեն չի ընձեռոմ։ Իսկ  նոր կառավարող ընկերություն գտնելը թերևս առասպելի ժանրից է, քանի որ դժվար թե որևէ միջազգային, առավել ևս տեղական ընկերությունը համաձայնի շահագործել երկաթուղին, որը շարժակազմ չունի։ Եվ հետո, անգամ եթե նոր ներդրող գտնվի, արդյո՞ք նա կպահպանի ներկայիս գործող սակագներով աշխատելու քաղաքականությունը, որին այսօր հոժարակամորեն համաձայնել է ռուսաստանյան ընկերությունը։ Նշենք, որ այսօր ուղևորափոխադրումներն ընկերությունն իրականացնում է 50 տոկոս զեղչով, այն դեպքում, երբ հարևան Վրաստանի համար դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները անհամեմատ ավելի թանկ են։

Չմոռանանք նաև երկաթուղու աշխատակազմի մասին, ընկերության լուծարման դեպքում 3000 աշխատակից կկորցնի աշխատանքը`համալրելով մեր երկրում գործազուրկների հոծ բանակը:

Մի կարևոր հանգամանք ևս, դեկտեմբերին լրանում է Ռուսաստանի հետ Հայաստանին գազամատակարարման պայմանագրի ժամկետը, որը պետք է հերթական անգամ երկարաձգվի։ Իսկ դա էլ նախատեսում է գազի գնի վերանայում, ու չի բացառվում, որ ռուսաստանյան ընկերության դեմ դեռևս չհիմնավորված ճնշումը իր բացասական ազդեցությունն ունենա ռուսական գազի թանկացման համար ու զգալի չափով։ Եվ այս դեպքում, փաստորեն, ՀԿԵ-ի դեմ սկսված հալածանքների համար ամբողջ հայ հասարակությունը ստիպված կլինի վճարել։ Զուր չէ, որ ՀԿԵ-ի նկատմամբ հարուցված քրեական գործերին և նրանց գործունեության սահմանափակմանը Ռուսաստանում անդրադառնում են կառավարության մակարդակով՝ նաև նշելով Ռուսաստանի պատրաստակամության մասին Հայաստանի հետ խզելու գործարար կապերը երկաթուղիների շահագործման ոլորտում, իսկ դա լուրջ մեսիջ է մեր իշխանություններին։

Թագուհի Ասլանյան