ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ (տեսանյութ)

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդմամբ, զրուցակիցներն անդրադարձան հունիսի 20-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման հնարավորություններին:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների այսօր կայանալիք հանդիպման շուրջ, ինչպես նաև անդրադարձան համանախագահների օրացույցում նախատեսված առաջիկա քայլերին: