Եմենյան հուսիթները գործում էին Չինաստանի և Իրանի խնդրանքո՞վ

Եմենի և Սաուդյան Արաբիայի միջև վերջերս տեղի ունեցած իրադարձությունների շուրջ հետաքրքիր մեկնաբանություններ են հնչել Ռուսաստանից․ մասնավորապես, որ Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա Եմենի հուսիթների հարձակման մեջ առկա է «չինական հետք»: Ռուս փորձագետները համոզված են, որ Իրանի կողմից ասիմետրիկ հակամիջոցների ակտիվացումը՝ ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցների դեմ, ուղղակիորեն կապված է Իրանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքման հետ: ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի դաշինքին պարզ դարձավ, որ Թեհրանի և նրա դաշնակիցների վրա «առավելագույն ճնշման» շարունականությունը կարող է հանգեցնել շատ նշանակալի ծախսերի: Ավելին`աղետալի կորուստների: Ուշադրության է արժանի ռուս փորձագետների կողմից հրապարակված տեղեկատվության մի նրբերանգ։ Պարզվում է, որ Եմենի հուսիթները սաուդյան օբյեկտներին հարվածելու պատասխանատվությունն ստանձնելուց բացի, հայտարարել են, որ հարձակումներն իրականացվել են 10 անօդաչու թռչող սարքերով (Արևմուտքն ու Սաուդյան Արաբիայի ԶԼՄ-ները ճանաչել են միայն երկու ԱԴՍ-ի հարձակումը) և «Թագավորության ներսում գտնվող մարդկանց հետ համագործակցությամբ»:

Ստացվում է, որ կամ Սաուդյան Արաբիայի ներսում, նույնիսկ Թագավորության ՀՕՊ ուժերում առկա է Եմենի կամ Իրանի հզոր լրտեսական ցանց, կամ իրենց ռազմական հակառակորդներին օգնել են այն ​​սաուդցիները, ովքեր փորձում են տապալել իշխող աս-Սաուդների թագավորական տոհմին: Բայց վերադառնանք Եմենի գրոհներում «չինական հետքի» խնդրին: Մենք արդեն հայտնել ենք, որ Չինաստանն ու Իրանը երկկողմանի մի շարք համաձայնագրերով «գազային մարտահրավեր» են նետել ԱՄՆ-ին: Օգոստոսի վերջին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունները Չինաստանի իր պաշտոնակից Վանգ Յիի հետ և Չինաստանի ու Իրանի միջև 2016թ․ 25 տարի ժամկետով կնքված ռազմավարական գործընկերության համապարփակ համաձայնագրի ճանապարհային քարտեզը նշանակում են «սեյսմիկ փոփոխություն ածխաջրածինների համաշխարհային ոլորտում»: Այդպես են բնութագրել Իրան-Չինաստան հարաբերությունների նոր փուլը Արևմուտքի, Իսրայելի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի փորձագետները:

Սակայն Սաուդյան Արաբիայի վրա Եմենի հարձակումների մեջ «չինական հետք» փնտրելու գործում իր հետազոտություններում բոլորից առաջ ընկավ ռուս փորձագետ Վլադիմիր Վասիլևը: Նա կարծում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի ռազմական դիմակայությունը հնարավոր չէ, բայց «պրոքսի-պատերազմը» կարող է տեղափոխվել նաև ամերիկյան մայրցամաք, քանի որ Լատինական Ամերիկայում կան բավարար քանակությամբ «քնած» իրանական պրոքսի խմբավորումներ: Ես կավելացնեի՝ և չինական, եթե հիշենք ՉԺՀ զորքերի զինյալների «այցերը» Վենեսուելա կամ Լատինական Ամերիկայի մաոիստների ընդհատակյա զինված խմբավորումները (օրինակ՝ Պերուում Sendero Luminoso-ի տիպի ցանկացած շարժում) Անդյան լեռներում: Իսկապես տեղին է հիշատակել չինական հնագույն տրակտատը՝ «Պատերազմի արվեստը». «Դեռ երբեք չի եղել այնպես, որ պատերազմը երկար տևի, և դա ձեռնտու լինի պետությանը: Եթե ​​պատերազմ են մղում և հաղթանակը ձգձգվում է, զենքը բթանում է և սայրերը կտրվում են»: Տրակտատի հեղինակը չինացի լեգենդար զորավար, ստրատեգ և փիլիսոփա Սուն Դձին է (մ.թ.ա. VI-V դդ.), որն, ի դեպ, մշակել է նաև տեղեկատվական քարոզչության հիմնական սկզբունքները և այն, ինչ այժմ կոչվում է PR՝ «փի-ար», այդ թվում նաև թշնամու երկրում թիկունքի և հասարակության ապակազմակերպման մեթոդաբանությունը: Ես Հայաստանի իշխանություններին և քաղաքացիներին կառաջարկեմ փիլիսոփա-զորավար Սուն Դձիի ևս մեկ խորհուրդ. «Անկարգությունը ծնվում է կարգուկանոնից, վախկոտությունը ծնվում է խիզախությունից, թուլությունը ծնվում է ուժից: Կարգը և անկարգությունը թվանշան են. խիզախությունն ու վախկոտությունը հզորություն են, ուժն ու թուլությունը ձև են»:

Այնպես որ, ժամանակակից Չինաստանն ու Իրանը իրենց թշնամիների դեմ գործում են հենց այս կանոններին համապատասխան… Ամեն դեպքում, սեպտեմբերի 19-ին հաղորդագրություն տարածվեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է վերսկսել բանակցությունները Չինաստանի հետ՝ երկկողմ «առևտրային պատերազմի» բացասական հետևանքները մեղմացնելու համար:

Վաշինգտոնում, այդ թվում ամերիկյան բանակում, նույնպես լավ տիրապետում են Սուն Դձիի «Պատերազմի արվեստը» տրակտատի բոլոր խորհուրդներին…

Սերգեյ Շաքարյանց