Պետությունը 56 մլրդ դրամ կվերադարձնի տնտեսվարողներին․ «Նաիրիտը» և «Արմավիան» ցուցակում չկան

Կառավարության առաջարկած նոր Հարկային օրենսգրքով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսվարողներին: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պարզաբանելով, որ գործող Հարկային օրենսգրքով տարանջատվել էին հին դեբետային գումարներ, որոնք առաջացել էին մինչև 2017-ի հուլիսի 1-ը և նոր դեբետային գումարներ, որոնք առաջացել էին 2017-ի հուլիսի 1-ից հետո, և դրանք ենթական են վերադարձի:

«Հին դեբետային գումարները վերադարձման ենթակա չեն, այլ ուղղվում են միայն ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի առաջիկայում ծագող պարտավորությունների մարմանը: Հիմա օրինագծով առաջարկվում է ԱԱՀ-ի վերադարձման նորմը կիրառել ԱԱՀ-ի բոլոր դեբետային գումարների վրա՝ ըստ էության հնի և նորի որևէ տարանջատում չդնելով»,- պարզաբանեց նա:

Նա հայտնեց, որ հին դեբետային գումարները, որոնք հետ չեն վերադարձվում, կազմում են ավելի քան 56 մլրդ դրամ: Պետությունն այդ պարտավորությունն ունի շուրջ 2835 հարկ վճարողների համար: Նրանցից 2571-ը գործող են, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտքը կազմում է 50 մլրդ 748 մլն դրամ:

«Ժամկետնանց պարտքերը, որոնք ակնկալվում է, որ կվերադարձվեն, 1.4 մլրդ դրամ է: Կա նաև մոտ 47 մլրդ պարտավորություն, որը պատկանում է երկու տնտեսվարողների, որոնք սնանկության վարույթում են: Մեկը «Նաիրիտ» գործարանն է, մյուսը՝ «Արմավիա» ընկերությունը: Այն ավելի քան 50 մլրդը, որ նախատեսում ենք վերադարձնել հարկ վճարողներին, այս երկու խոշոր ընկերությունները չեն ստանա»,- ասաց Անանյանը:

Նախագծով նախատեսվող 56 մլրդ դրամից շուրջ 5.3 մլրդ դրամը պատկանում է սնանկության վարույթում գտնվող 181 կազմակերպությունների, որոնցից վերոնշյալ երկուսը պետությանը պարտք են մոտ 47 մլրդ: 10 մլրդ դրամ պարտք է «Նաիրիտ»-ը, 37 մլրդ դրամ՝ «Արմավիա»-ն:

Անանյանը շեշտեց՝ նախատեսում են շուրջ 50 մլրդ դրամ վերադարձնել՝ ակնկալելով, որ 1.4 մլրդ հարկեր վճարելու տեսքով հետ է գալու: