Արցախն ինքը պետք է որոշի Ասքերովին և Գուլիևին հանձնելու հարցը. Տոնոյան

Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնելու հնարավորության հարցը պետք է լուծի Ստեփանակերտը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի պաշտպանության նախարար, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Տոնոյանը։

Նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին հանդիպել է ԿԽԿՄ ներկայացուցիչների հետ, և նրան պաշտոնապես հանձնվել է ադրբեջանական կողմի առաջարկը։ Տոնոյանի խոսքով՝ կան որոշակի հարցեր և քննարկումներ, որոնք իրեն թույլ չեն տալիս ավելի մանրամասն խոսել։

«Ես ոչինչ չեմ կարող բացառել։ Բայց որոշումն ընդունվելու է Ստեփանակերտում։ Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին՝ ոչ զինվորական, նրանց վերադարձը իմ անմիջական պատասխանատվությունն է»,- ասել է նախարարը։