Կանադայում տեղադրվել է Հայոց ցեղասպանության ժամանակ հայ մանուկներին փրկած բուժքրոջ արձանը

Սեպտեմբերի 14-ին Նոր Շոտլանդիայում (Կանադա) տեղադրվել է կանադացի բուժքույր Սարա Քորնինգի  (1872-19692 թթ․) արձանը, որն աշխատել է Կարմիր Խաչում և Մերձավոր Արևելքի Օգնության կոմիտեում։ Այս մասին տեղեկացրել է «Voskanapat.info» կայքը։

Ցեղասպանության տարիներին Սարա Քորնինգը օգնություն է ցուցաբերել հայ և հույն որբերին Երևանում, Մարզվանում, Իզմիրում, որտեղից նրան հաջողվել է տեղափոխել 5 հազար հայ և հույն որբեր։ Իր անմնացորդ և անձնազոհ աշխատանքի համար 1923թ․Հունաստանի արքա Գևորգ 2-րդի կողմից նա պարգևատրվել է Փրկչի շքանշանի Արծաթե Խաչով։

2004 թ․ Համայն հայության կաթողիկոս Գարեգին Բ-ն իր Օրհնության ուղերձում հարգանքի տուրք է մատուցել Սարա Քորնինգի հիշատակին։

Հուշարձանի հուշատախտակին մասնավորապես նշված է․

«Երախտապարտ հայ ժողովրդի անունից ի պատիվ Սարա Քորնինգի, որը 1919-1930 թթ․ փրկել և խնամել է 1915-1923 թթ․ Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ցեղասպանության արդյունքում որբացած հազարավոր հույն և հայ մանուկների»։