Հայաստանի և Լիբանանի ռազմական համագործակցության ոլորտում կարևորվեց հետախուզական տվյալների փոխանակումը

Հայաստանը և Լիբանանը հետախուզական բնույթի տեղեկատվություն կփոխանակեն։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ ճեպազրույցում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ հայ-լիբանանյան համագործակցությունը պաշտպանական ոլորտում հիմնված է բազմամյա բարեկամության և օգնելու պատրաստակամության, ընդհանուր մոտեցումների վրա և լավ հեռանկարներ ունի։ Նախարարը նշել է, որ ներկայում կողմերը գտնվում են համագործակցության նոր համաձայնագրի վավերացման փուլում, որը կոչված է երկարացնելու դեռևս 2001-ին կնքված պայմանագիրը։

Կողմերը պայմանավորվել են համագործակցել մշտական հիմքով։ Առավել հեռանկարային ուղղություններն են փորձի փոխանակումը, համատեղ զորավարժությունների անցկացումը, համագործակցությունը կրթության և վերաորակավորման ոլորտում, հետախուզական բնույթի տեղեկատվության փոխանակումը։ Նախարարն ասել է, որ գործընկերոջը ներկայացրել է Սիրիայում առաքելության նպատակներն ու խնդիրները։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Լիբանանում հայկական ստորաբաժանումը ՄԱԿ կազմում պարտքի ինքնատիպ վերադարձ է խաղաղության հաստատման Լիբանանի ջանքերում։ Կողմերը նշել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և հաստատել ընդհանուր մոտեցումները տարածաշրջանային և միջազգային հարցերում։ Անդրադարձել են գործընթացներին երկու երկրների պարագծով։

Իր հերթին, Լիբանանի պաշտպանության նախարարը նշեց, որ Հայաստան այցելելու հրավերն առաջինն  է նախարարի պաշտոնում։ Թեև Հայաստան նա նախկինում էլ այցելել էր։ Այս անգամ նախարարը եկել է հայուհի տիկնոջ հետ և նշել, որ Հայաստանի հետ իր ընտանիքին կապում են ազգակցական կապերը։ Խոսելով հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում համագործակցելու մասին՝ նախարարը նշեց, որ Հայաստանը և Լիբանանը համագործակցության հնարավորություն ունեն այս ուղղությամբ, և այն շատ օգտակար կլինի երկու կողմերին՝ հաշվի առնելով սահմանների պարագծին առկա մարտահրավերները, ինչպես նաև կնպաստի սահմանների ամրապնդմանը։ Կողմերը քննարկել են  այլ գերատեսչությունների մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը՝ համագործակցության ոլորտի ընդլայնման համար։ Նախարարը նշել է, որ երեկ շրջել է Երևանի կենտրոնով և մեծ տարբերություն նկատել անցած այցի համեմատ։ «Դուք լուսավոր ապագա ունեք։ Փայլուն երիտասարդություն, որը կաշխատի բանակի ու երկրի ամրապնդման համար։ Կարծում եմ, մեր համագործակցությունը կզարգանա, որովհետև սրտից է բխում, այլ ոչ թե քաղաքական նկատառումներից»,- փաստել է նախարարը։ Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ առաքելությանը։ Սիրիայում առաքելության վերաբերյալ նախարարը նշեց, որ դա մարդասիրական առաքելություն է՝ ուղղված ոչ թե հակամարտության խորացմանը, այլ խաղաղության ու անվտանգության վերականգնմանը։